Արարատ Միրզոյան. «Խի՞ եք էս ժողովրդին 20 տարի խաբել, ասել, որ Քարվաճառը պիտի մերը մնա»

Արարատ Միրզոյան. «Խի՞ եք էս ժողովրդին 20 տարի խաբել, ասել, որ Քարվաճառը պիտի մերը մնա»

Կապանում հանրահավաքին առաջին անգամ ելույթ ունեցավ նաև խորհրդարանի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը` հիշեցնելով, որ երկար ժամանակ լռություն է պահպանել և չի խոսել պատերազմի մասին, միայն օրեր առաջ հոդվածով է հանդես եկել:

Ըստ Միրզոյանի` Հայաստանը մինչ 2018 թվականի իշխանափոխությունը ճահիճում էր, և մարդիկ, որոնք ճահիճ էին կերտել, «ատամները կրճտացնելով, անհամբեր սպասում էին իրենց սայթաքելուն»:

«Հենց լավ էլ գիտեին, որ պատերազմ է լինելու, կհիշեք երևի առաջին օրվանից ասում էին` էսա հողերը տալու են, գիտեին, որովհետև իրենք էին սարքել ու հիմա այդ մարդիկ ցնծում են էս պատերազմի ավարտից, որովհետև սրբապիղծ են: Նրանց համար սա մի առիթ է վերադարձնելու իրենց բորենիների իշխանությունը Հայաստանում: Ոնց 1998-ին էին եկել իշխանության առիթ դարձնելով Ղարաբաղը, էնպես էլ հիմա են ուզում գալ»,- ասաց նա:

Միրզոյանը վրդովվեց, որ իշխանության որոշ ընդդիմախոսներ նույնիսկ զոհերի թիվն են ուռճացնում:

«Իբր 4000-ը քիչ է, մի հատ էլ ասում են 5000 զոհ, տո ստի հերն եմ անիծել, թե էդքան զոհ ունենք»,- ասաց Միրզոյանը:

Ըստ ԱԺ խոսնակի համոզման` 2020-ի սեպտեմբերի զարգացումները նախկին իշխանությունների «սարքածն է», լավագույն դեպքում` հանցավոր անգործության արդյունքը:

Նրա խոսքով` նախկին իշխանությունները տարիներ շարունակ բանակցել են հողերը զիջելու շուրջ, սակայն հանրությանն ամեն ինչ այլ կերպ են ներկայացրել:

«Ով չգիտեր, որ պետք է էդ հողերը տան, գնացեք հարցրեք Արցախում, եթե էդպես չէր, ինչի էր Սերժ Սարգսյանը հավաքել Արցախի ռազմաքաղաքական էլիտային ու ասել` պետք է տանք, որովհետև եթե չտանք, ոնց հիմա Կարս-Կարս ենք երգում, Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք երգելու: Ամբողջ ընթացքում պայմանավորել են հողերը տալ, ես բան չեմ ասում, ամբողջ աշխարհը դա էր ուզում, գուցե փորձել են ավելի լավ պայմաններ կորզել, բայց լավ, բա խի չեք եկել մեզ ասել, խի եք էս ժողովրդին 20 տարի խաբել, ասել որ Քարվաճառը պիտի մերը մնա»,-ասաց նա:

Միրզոյանի խոսքով` չտալու այլընտրանքը բանակը զինելն էր, սակայն այդ հարցում ևս նախկին իշխանություններն անգործության են մատնվել: Միրզոյանը կոչ արեց նայել ապագային` քվեարկելով ՔՊ-ի օգտին:

Աղբյուրը՝ Hetq.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում