Արցախում ռուսական զորքի ներկայությունը պետք է լինի մշտական․ Արայիկ Հարությունյան

Արցախում ռուսական զորքի ներկայությունը պետք է լինի մշտական․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտում քաջալերող խոսքեր է ուղղել բնակիչներին, որոնք եկել են իր հետ հանդիպմանը՝ ասելով, որ պատերազմում հաղթանակը վերջնական չէ, իսկ պարտությունը ճակատագրական չէ:

«30 տարվա ընթացքում ունեցել ենք և՛ հաղթանակ, որը ես կանվանեմ ժամանակավոր հաջողություն, որովհետև եթե հաղթանակը վերջնական չէ, չի կարող հաղթանակ լինել: Ունեցել ենք անհաջողություն։ Դա պարտություն չէ, բայց մենք պետք է գտնենք, վերագտնենք մեզ, շարունակենք մեր պայքարը», – մեջբերում է Հարությունյանի խոսքերը Aysor.am-ը։

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ Հարությունյանը նշել է, որ տարածաշրջանում Արցախը միայնակ ի վիճակի չէ ապահովել խաղաղություն, անվտանգություն։

«Եվ այստեղ ռուսական զորքի առկայությունը պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ՝ մշտական», – շեշտել է նա։

«Եթե չլիներ ռուսական զորքի մուտքը տարածաշրջան, ապա մենք շատ ավելի ուրիշ ճակատագիր կունենայինք: Կան տարբեր հիմար մեկնաբանություններ, ոմանք իրենց արդարացնելու կամ մեղքը ուրիշի վրա բարդելու համար տարբեր բաներ են ասելու։ Միանշանակ, ուզում եմ իմանաք՝ դավաճան չի եղել, դավաճանություն չի եղել։ Մենք կռվել ենք աշխարհի դեմ՝ ունենալով շատ սահմանափակ հնարավորություն», – հայտարարել է Հարությունյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում