«Ուրիշ պեն եմ ցույց տվալ». ինչպես Կարմիր շուկայի տղամարդիկ «դաստիարակեցին» ադրբեջանցիներին

«Ուրիշ պեն եմ ցույց տվալ». ինչպես Կարմիր շուկայի տղամարդիկ «դաստիարակեցին» ադրբեջանցիներին

Արցախի Կարմիր շուկա գյուղով ադրբեջանական ավտոշարասյուները զգուշությամբ են անցնում՝ փորձելով հնարավորինս քիչ անհանգստացնել տեղացիներին։

2020-ի պատերազմի ժամանակ գյուղը թանկ վճարեց՝ շատ զոհեր տալով թշնամուց պաշտպանվելու համար։ Տեղացիները պատմում են, որ Կարմիր շուկայի գրեթե բոլոր տղամարդիկ մեկնել են առաջնագիծ։

Գյուղը հիմա առաջվա նման բազմամարդ չէ, քչերն են փողոց դուրս գալիս։ Կարմիր շուկայի միջով է անցնում Հադրութից Շուշի տանող ճանապարհը, ու շաբաթական երեք անգամ ադրբեջանական ռազմական ավտոշարասյուներ են անցնում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Սկզբում ադրբեջանցի վարորդներն ու զինվորները ագրեսիվ պահվածք էին դրսևորում, սպառնում էին հայ կանանց ու երեխաներին, մեքենաներ վարում էին մարդկանց ուղղությամբ։ Մի ժամանակ շատերը խուսափում էին փողոց դուրս գալ՝ հնարավոր սադրանքներից խուսափելու համար։

Համայնքապետ Նարեկ Աթայանի հետ զրույցի ժամանակ տեղեկացանք, որ գյուղի նախկին 1000-ից ավել բնակիչներից այժմ մնացել է գրեթե 800-ը։

Գյուղամիջում նստած սակավաթիվ մարդկանցից Ստեփան Ավանեսյանը պատմեց որոշ դրվագներ, թե ինչպես են ադրբեջանցիները սպառնալիք ու հայհոյանք հնչեցրել, ինչին հաջորդել են նաև հայերի պատասխանները։ «Ասում ա հինչ ըս ա՛նում, ես էլ ուրիշ պեն եմ ցույց տվալ։ Էդ ուրիշ պենը վե՞րն ա, հա՞, ախպեր։ Էդ էն վատ պենն ա։ Ի՞նչ անիմ, ուրիշ ձև չկա»,-փոքր-ինչ ամաչելով՝ պատմում է 70-ամյա արցախցի պապիկը՝ ցույց տալով ադրբեջանցիներին պարզած իր միջնամատը՝ որպես հայհոյանք։

Հետո թշնամուն ուղղված բանավոր պատասխաններն արդեն փոխվել են կոնկրետ գործողությունների՝ ադրբեջանցի վարորդներին իջեցրել են մեքենաներից և վերջին զգուշացում տալ։ Այս մասին Կարմիր շուկայի տղամարդիկ հպարտությամբ են խոսում։

Շահեն Բեգլարյանը, կիսատ թողնելով համագյուղացիների հետ նարդու խաղը, պատմում է․ «Մարդիկ, ճիշտ է, եկել, ապրում են, բայց ոչ մեկը հեռանկար չի տեսնում։ Շրջապատված ենք թուրքերով, նրանք են վերահսկում ճանապարհները։ Մենք այսպես չենք պատկերացրել, մենք համաձայն չենք»։

Ադրբեջանական սանձարձակությունները չհանդուրժող արցախցիները Կարմիր շուկայում մի քանի անգամ «դաստիարակչական աշխատանք» են տարել։ Այսօր ճանապարհով անցնելիս ադրբեջանցի վարորդներն ու զինվորները թեքում են գլուխները՝ հայերի հետ հայացքով չհանդիպելու և նորից Ստեփանի ու մյուսների միջնամատին չարժանանալու համար։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ
Sputnik Արմենիա

Հետևեք մեզ նաև Telegram-ում