Դատախազությունն ուսումնասիրում է Հայկ Մարությանի հայտարարությունները

Դատախազությունն ուսումնասիրում է Հայկ Մարությանի հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունները։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, որի ընթացքում քաղաքապետը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է կատարել՝ մատնանշելով այս իշխանությունների կոռուպցիոն դրսևորումները և հայտնելով, որ աշխատանքի ընթացքում տարբեր զանգեր էր ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից՝ ֆեյսբուքյան քոմենթի համար այս կամ այն աշխատակցին պաշտոնից ազատելու համար կամ իրենց մերձավորների համար արտոնություններ տրամադրելու խնդրանքով։

«Ասում էին, որ քաղաքապետարանի այսինչ աշխատակիցը «վատ» քոմենթ է գրել, կամ լայք է դրել «վատ» ստատուսի տակ, պետք է աշխատանքից հեռացնել։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել։ Դրան ի պատասխան ասել եմ, որ հեղափոխությունը նաև դրա համար ենք արել, որ քաղաքական հայացքների համար մարդկանց չհետապնդեն, աշխատանքից չհեռացնենք»,- հայտարարել է նա ու ավելացրել. «տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել և իրենց մերձավորների համար արտոնություններ են խնդրել՝ «էս ծաղկի բուդկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք»։

Հ. Մարությանը նաեւ նշել էր, որ գաղափարակից հեղափոխականներն իշխանության գալուց հետո առաջին հերթին բարելավել են իրենց նյութական վիճակը՝ նախարարների աշխատավարձը գաղտնի հրամանով սարքելով 1,5 մլն, իսկ փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ ու սա այն դեպքում, երբ բնակչության ավելի քան 30 տոկոսը ապրում է աղքատ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում