Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական աստառ ունեցող հետապնդում է

Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական աստառ ունեցող հետապնդում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, Times․am: Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվողը, միանշանակ, քաղաքական աստառ ունեցող հետապնդում է, Հայաստանում լիակատար բռնապետություն հաստատելու փորձ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Ասեմ ավելին՝ ամեն բռնապետ չէ, որ իրեն կարող է նման բաներ թույլ տալ, որովհետև կան հակակշիռների հազար մեխանիզմներ ու զսպումներ։ Բացահայտ հետապնդում սկսել և փորձել կալանավորել դատավորի, ով չի կատարել քաղաքական պատվերները, ամեն բռնապետ չէ, որ կարող է գնալ այդ քայլին։ Հայաստանն այսօր այն վիճակում է, որ բացահայտ կարող են նման գործողություններ իրականացվել», – ասաց Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԲԴԽ-ին երկու միջնորդություն էր ներկայացվել՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։

Դատավորների միությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված։

«Սա ուղղակի խայտառակություն է։ Սա ոչ միայն դատական համակարգի, սա պետության վերջին նշույլների կազմաքանդման փորձ է», – ասաց Երվանդ Վարոսյանը։

Հարցին, թե այսպիսի հետապնդումները չե՞ն կաշկանդի մյուս դատավորներին՝ իրենց որոշումներում լինել անկաշկանդ, Երվանդ Վարոսյանը պատասխանեց.

«Որոշ մասին կկաշկանդի, բայց Հայաստանում կան դատավորներ, որոնց համար մորթապաշտությունը կյանքի նպատակը չի։ Նրանք, այնուամենայնիվ, կշարունակեն կատարել արդարադատությունը։ Բայց ինչի կհասնենք ընդհանուր առմամբ, ես որևէ դրական բան չեմ տեսնում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում