Եթե այսօր չփրկենք Աղջոց Վանքը, վաղը նրա փոխարեն կունենանք ընդամենը մի հուշատախտակ

Եթե այսօր չփրկենք Աղջոց Վանքը, վաղը նրա փոխարեն կունենանք ընդամենը մի հուշատախտակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, Times․am: Ցանկացած պետության, ցանկացած հասարակության հաջողության գրավականներից մեկն իր պատմությունը կարևորելն ու պատմամշակության արժեքները պահպանելն է։ Նույնիսկ այնպիսի հասարակությունները, որոնք չունեն պատմություն, փորձում են գրել այն և աշխարհին ներկայացնել իբրև իրականություն։ Այլ հարց է, թե որքանով է այն դառնում արժանահավատ ու ընդունելի միջազգային հանրության համար, սակայն այնուամենայնիվ փորձում են։ Օրինակը կարող ենք բերել Ադրբեջանի վրա, որը չունենալով պատմական որևէ հետագիծ, չունենալով աշխարհին ներկայանալի որևէ մշակութային, հոգևոր արժեք, փորձում է զավթել այդ արժեքները ուրիշներից, մասնավորապես հայերից, և դառնալ «հինավուրց» ազգ։

Իսկ մենք, երբ որևէ բան հնարելու անհրաժեշտություն չունենք, այլ պետք է ընդամենը պահպանենք հազարամյակների պատմություն ունեցող մեր մշակույթն ու արժեքները, կարծես թերանում ենք նույնիսկ դրանում։

Մեր մշակութային կոթողների պահպանումը ոչ միայն ազգային, քաղաքական հարց է, այլև տնտեսական։ Ցանկացած զբոսաշրջիկ, երբ այցելում է որևէ երկիր, առաջին հերթին նրան հետաքրքրում է տվյալ հասարակության պատմությունը, պատմամշակութային վայրերն ու շինությունները։

Այսօր թերևս անդրադառնանք Աղջոց վանքին։

Աղջոց վանք անունը կրող միջնադարյան վանական համալիրը գտնվում է Արարատի մարզի՝ Խոսրովի պետական արգելոցում: Այն տեղակայված է Գառնիից դեպի արևելք՝ Գեղամա լեռներից դեպի Ազատի գետն իջնող ձորակում:

Ավանդության համաձայն Աղջոց վանքի կառուցումը եղել է Գ. Լուսավորչի մտահղացումն ու կյանքի է կոչվել նրա նախաձեռնությամբ:

Գրիգոր Խլաթեցու հեղինակած Հայսմավուրքում ներկայացվում է, թե երեք քահանաներ, ովքեր դարձել էին փախստական, գալիս են Գառնի: Նրանցից մեկը՝ Ստեփանոս քահանան, անցնում է Գառնիի լեռները և, այնտեղ մեզ անհայտ պատճառներով, մահանում: Մյուս քահանան՝ Գրիգորը, այդտեղ կառուցում է վանք՝ ի հիշատակ քահանա Ստեփանոսի, և ըստ ավանդության, այդ օրվանից ի վեր վանքը կոչում են Աղջոց: Վանքը հայտնի է եղել նաև «Սբ. Ստեփանոս Աղջոց վանք», «Սբ. Ստեփանոս Սբ. Գրիգոր վանք» անուններով:

Ավանդության համաձայն ստացվում է, որ Աղջոց վանքը կառուցվել է 4-րդ դարում, սակայն այսօր մեզ հասած Աղջոց վանքը 13-րդ դարում վերակառուցված համալիրն է: Վարդան Արևելյցու հիշատակության համաձայն Աղջոց վանք վանական համալիրում պահվել է Ստեփանոս քահանայի և Գրիգոր Լուսավորչի որդու՝ Արստակեսի Սուրբ աջերը:

Վանական համալիրը բաղկացած է գլխավոր` Ս. Ստեփանոս եկեղեցուց, գավթից, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցուց, բնակելի և տնտեսական շինություններից:

Ս. Ստեփանոս եկեղեցի – գլխավոր եկեղեցին է` կառուցված 1212-1217 թթ.: Ունի ներքուստ խաչաձև, 4 անկյուններ ու մեկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք: Աչքի է ընկնում ներքին և արտաքին պարզ ճարտարապետությամբ:

Գավիթ- կից է գլխավոր եկեղեցուն արևմտյան կողմից: Կառուցվել է 1217-1234 թթ.: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին, որի ծածկը իրականացված է եղել երկու զույգ փոխհատվող կամարներով: Պահպանվել է միայն արևելյան պատերի մի մասը:

Ս.Պողոս-Պետրոսեկեղեցի -համալիրի առավել ուշագրավ հուշարձաններից է: Կից է Ս. Ստեփանոս եկեղեցուն հյուսիսային կողմից: Արևմտյան դռան ճակատակալ քարի վրա պահպանվել է 1270 թ. եղծված շինարարական արձանագրությունը: Պարզ հատակագծով, արևելյան կողմից կիսաշրջան ավագ խորանով, երկու կողմերից ավանդատներ ունեցող թաղածածկ կառույց է: Եկեղեցին ուշագրավ է արևմտյան մուտքի երկու կողմերում արված`Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների բարձրաքանդակներով, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից են:

Վանական համալիրի շրջակայքում խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցն է:

Վանքը կործանվել է 1679 թ. երկրաշարժից: Նորոգվել է և գործել մինչև XVIII դ. կեսը:

Եթե այսօր միջոցներ չձեռնարկվեն Աղջոց վանքը պահպանելու ուղղությամբ, ժամանակի ընթացքում մենք կկորցնենք ևս մի պատմամշակութային արժեք և վանքի փոխարեն կունենանք ընդամենը մի հուշատախտակ, որ այստեղ ժամանակին վանք է եղել։
Ինչպես մեր պատմության ընթացքում բազմիցս է եղել, այսօր նույնպես պետական հոգածությանը փոխարինելու է գալիս անհատների հոգածությունը, որոնք իրենց բոլոր հնարավոր միջոցներով ու կապերով փորձում են պահպանել ու սերունդներին փոխանցել մեզ ժառանգություն հասած կոթողները։

Այսօր Աղջոց Վանքի պահպանման գործին ձեռնամուխ է եղել Արցախի ազգային հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանն իր ընկերներով։ Վանքի պահպանման հիմնադրամի ստեղծումը կփրկի այն վերջնական կործանումից։ Ցանկացած աջակցություն այս գործին, մեզ հնարավորություն կտա չկրկնել անցյալի այն սխալները, երբ աչքաթողության արդյունքում մաս մաս կորցրել ենք այնպիսի ժառանգություն, ինչի մասին ուրիշները պարզապես կերազեին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում