Ջավախահայությունն ապրեց հերթական արհավիրքի ծանր տարիները …

«Վահե ջան, Էրեվնու բանմ չե՞ս փերել, կարդանք…»: Ջավախքցի պարզ ու շիտակ մարդու այս նույնքան պարզ ու հարցական նախադասությունն իրականում իր մեջ մեծ փլիսոփայություն է պարփակում: Բազմիմաստ ու ենթաշերտերով հարուստ այս հարցմունքին անհնար էր տալ բացասական պատասխան: «Փերել եմ...» : Բայց…
2009 թ. վերջերն էին: Սովորականի պես մեկնում էի Երևանից Հայրենի Ջավախք: Ինչպես միշտ՝ հետս վերցրել էի լրագրերի մի փոքրիկ տրցակ՝ գյուղում և այլուր հանդիպող ծանոթ մարդկանց տալու համար: Ոլորտի աշխատակից բարեկամներս էին տվել՝ «Եղբայր, էնքան էլ հնացած չեն, ափսոս է դեն նետելը, տար ձեր մոտ՝ կկարդան, գիտենք, որ ձեր մոտ՝ Ջավախքում…»:
Մի 4-5 անուն թերթեր էին, 1-2 անուն ամսագիր:
- Էս ռա գազեթեբիա (Ի՞նչ թերթեր են):
- Ձվելի գազեթեբիա, ձմա (Հին թերթեր են, եղբայր):
- Ինչի՞ կխաբես, էդիկ վրացի է՝ չի հասկնա, ահան, թըզը թերթ են: Չէ, տուր իստեղ իդոնք, չի կարելի, ինի վեշերուդ մեջնա՞ կա,- մեջ մտավ ջավախահայ մի այլ աշխատակից, մի ազգադավ մարդկային տեսակ:
- Չէ, բայց՝ էս ինչ վիճակ է, խոմ ծախելու չե՞մ տանի: Ախըրքըլըկ հայերեն կարդալա՞ չի կարելի:
- Չէ, էնտեղ օր թերթ տեսան, մեզի իստեղ գործերես կհանեն, հայդե պահեստ, տեսի, օր սաղին ձեռքերենա կառնենք, մեննըկ դու չես:
- Լավ, արի էս անգամ տանիմ, էլ չեմ փերե:
- Չէ, չէ, կսեմ չի կարելի, քալուդ ետ կտանիս:
- Ընկեր, դու հա՞յ ես, թե՞ մեննըկ ազգանունդ է հայկական, ամոթ է, օր քեզի պես մեկն իմ զեմլյակն է, գիտե՞ս, օր ոչ օրենքով, ոչ ա բարոյապես չի արդարացվի քու էրածդ: Էտոնց համար մե օրմ խղճիդ ու ազգությանդ առաջ պատասխան տի տաս…
- Էլ ուրուշ բան մի զրցի, պասպոռտդ տուր, սպասե, թերթերտա տանիմկը նես...
Ինչպես կռահեցիք՝ ՀՀ-Ջավախք սահմանային անցակետում էր, որ եղավ այս դեպքը. Չարաբաստիկ այդ օրվա դեպքից մինչ օրս ես նույնպես հայտնվեցի այն մարդկանց կարմիր ցուցակում, որոնց անձնագրային տվյալների մուտքագրումից անմիջապես վառվում են գունավոր ազդանշանները: Իսկ սահմանային աշխատակիցներն իսկույն անհանգիստ շարժումներով կանգնեցնում են գրանցումը. համակարգիչը փչացավ, մինչև որ վերադասները տեղեկանում են մեր «վտանգավոր գալստյան» մասին…
- Վահե ջան, Էրեվնու բանմ չե՞ս փերել, կարդանք…
- Չէ, էլ չեն թողնե, քանիմ հատ թերթնա ձեռքես առան…
Ջավախահայությունն ապրում էր արհավիրքի ծանր օրեր…
ՀՀ-ի հետ մշակութային կապն իսպառ կորստյան եզրին էր: Ձուլման հզոր ալիք էր դա, որ իր քայքայիչ մեքենայով հարվածեց Ջավախքին՝ փորձելով հիմքից սասանել հայության ազգային գիտակցությունը: Դառնաղետ այս փորձությունը յուրօրինակ քննություն էր բոլորի համար. շատերը դիմացան, որոշները՝ ոչ… Բարոյազրկման, մատնության, քծնանքի ու դավի այս մթնոլորտում որոշները պարտվեցին՝ ապրելով բարոյական վախճան: Ձևախեղվում էր այն ամենը, ինչը խոչնդոտ էր հայության գիտակցության խեղման և ձուլման ճանապարհին, իսկ մարդիկ զարմացած, զայրացած ու կարկամած վիճակում էին…
Վրացական պետության, մշակույթի, արվեստի ու գիտության հիմքերում կանգնած հայությունը մեկուսացվում էր, արագորեն փոխարինվում' միայն կործանելու, գրավելու, ավերելու ընդունակ թյուրքական հորդաներով: Ջավախահայության ուսերին ընկած ծանրությունը դրանով տասնապատկվեց. այժմ վերջինս ստիպված էր հետ շպրտելու վրաց պետության համար կործանարար թյուրքական լայնածավալ գրոհը, որն իրականացվում էր վրացական փառասեր ու փողասեր առաջնորդների վարքին համահունչ: Ջավախահայությունն այստեղ էլ իր պատմական բարձրության վրա էր՝ հերթական անգամ անկեղծորեն մտահոգվելով վրաց պետության ճակատագրով: Ցավոք, այս մտահոգությունը հերթական անգամ միակողմանի էր…
Ջավախահայությունն ապրում էր արհավիրքի ծանր օրեր…
Շատերը, սակայն, պատվով դիմակայեցին: Փառք բոլոր այդ մարդկանց՝ մանկավարժ ու քաղաքական գործիչ, ուսանող ու հողագործ, պաշտոնյա ու մտավորական, լրագրող ու բժիշկ, հոգևորական ու արվեստագետ… Հերոս մարդիկ: Մաքառումի այդ ծանր օրերին նրանցից շատերը պոռթկացին՝ կրելով հոգեկան ու ֆիզիկական տառապանքներ, շատերը դիմացան՝ սեղմված ատամներով, շատերը… Փրկվեց ամենաէականը՝ այն արժեհամակարգը, այն հոգևոր դաշտը, առանց որի կկտրվեր պատմության շղթան:
18-րդ դարի վերջ՝ լեզգիների և կովկասյան ցեղերի արշավանք, մշակույթի ու կենաց ընդհատում: 1918 և 1921 թթ.՝ թուրքական զորքերի արշավանք, արյունոտ ցեղասպանություն: 2003-2012 թթ.՝ երիտվրացիների քաղաքական ուղեգիծ, մշակութային ընդհատման և տեսակի ձևախեղման վտանգի շրջան:
Ջավախահայությունն ապրեց հերթական արհավիրքի ծանր օրերը…
2012 թ. հոկտեմբեր - 2013 թ. հոկտեմբեր. Ջավախահայությունը թևակոխեց նոր՝ հակասությունների, անորոշությունների, նաև՝ հույսի ու հավատի մի շրջան:
2013 թ. հոկտեմբեր. սպասելիքների մի նոր սկիզբ:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ