Փորձագետ. «Ադրբեջանը խեղաթյուրում է իր ժողովրդագրական տվյալները՝ դրանք օգտագործելով տեղեկատվական պատերազմում»
Նմանատիպ
Տասնամյակներ շարունակ պաշտոնական Բաքուն հետևողականորեն խեղաթյուրում է Ադրբեջանական հանրապետության բնակչության թվաքանակի մասին վիճակագրական տվյալները` արհեստականորեն բարձրացնելով այն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Նորավանք» հիմնադրամի ավագ փորձագետ Արա Մարջանյանը՝ խոսելով տեղեկատվական պատերազմի հոգեբանական և ժողովրդագրական թիրախների մասին:
«Որքա՞ն է Ադրբեջանի բնակչությունը՝ հարցին հստակ պատասխան չկա: Այնտեղ սիստեմատիկորեն աղավաղվում են բնակչության արտագաղթի ծավալների, մահացությունների և ծնելիության վիճակագրությունը, բնակչության տարեկան աճի, սեռական և տարիքային կազմի մասին տվյալները, բնակչության ազգային կառուցվածքը»,- տեղեկացրել է բանախոսը:
«Նորավանք» հիմնադրամի ավագ փորձագետը վստահեցրել է, որ Ադրբեջանի բնակչության պաշտոնական թվաքանակը (9.1 մլև մարդ 2011թ.) 2.0-2.2 մլն մարդով գերազանցում է երկրի բնակչության իրական թիվը: 2011 թ.-ի դրությամբ՝ այն առավելագույնը կազմում է մոտ 7.0 մլն մարդ:
«Ադրբեջանի զուտ միգրացիայի, այսինքն՝ ներգաղթի և արտագաղթի տարբերության, պաշտոնական Բաքվի գնահատականը դրական է սկսած 2008 թվականից, և 2010թ. կազմել է +1400 մարդ։ Հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գնահատականները միանգամայն այլ են։ Զուտ միգրացիան Ադրբեջանում շոշափելիորեն բացասական էր դեռ 90-ականների կեսերից և մնում է այդպիսին ներկայումս։ Այսօր Ադրբեջանից դուրս են գտնվում 1.4 մլն էմիգրանտներ։ Իրականում Ադրբեջանից էմիգրանտների «բանակի» իրական գնահատականը կազմում է մոտ 2.0 մլն մարդ»,- ընդգծել է Ա.Մարջանյանը:
Փորձագետը նաև շեշտել է, որ պաշտոնական Բաքուն անկախության հռչակումից ի վեր պարբերաբար խեղաթյուրում է երկրի ժողովրդագրական տվյալները՝ փորձելով դրանք օգտագործել Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում