Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 92.300.000 եվրո վարկ կտրամադրի Հայաստանին
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործընթացները.
Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում
Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում
Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։