Որքան ուշանում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, այնքան մեծանում է նոր պատերազմի վտանգը․ Հուլուսի Աքար
Նմանատիպ
Որքան երկարում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիր կնքելու ժամանակը, այնքան մեծանում է ռազմական գործողությունների մեջ նորից ընկնելու վտանգը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը՝ TRT World-ում հրապարակած իր հոդվածում, որում նա առաջ է տարել այն թեզը, համաձայն որի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի կովկասյան տարածաշրջանի համար։
«Սակայն մենք պետք է նկատի ունենանք ստեղծված նուրբ իրավիճակը։ Չնայած հակամարտությունը ներկայում սառեցված է, ռազմական գործողությունների մեջ նորից ընկնելու վտանգը մեծանում է, որքան երկար ժամանակ է պահանջվում համաձայնագիրը կնքելու համար», – ասել է նա:
Աքարի խոսքով՝ երկու «խնդիր» Անկարային և Երևանին խանգարել է նորմալ հարաբերություններ զարգացնել Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից ի վեր։ Դրանցից մեկը, ըստ նրա, առաջին Արցախյան պատերազմն էր, մյուսը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր տեսակետները:
Աքարի խոսքով՝ Թուրքիան հավատարիմ է մնում այն համոզմանը, որ թուրք և հայ ժողովուրդները, որոնք «հանդուրժողականության և խաղաղության մեջ ապրելու երկար պատմություն ունեն» (չակերտները՝ Tert.am), կարող են հարաբերություններ հաստատել բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա՝ չնայած մարտահրավերներին։
«Եթե տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրները որոշեն ներդրումներ կատարել խաղաղության համար, ապա քաղաքական և տնտեսական շահաբաժինները մեծ կլինեն ամբողջ տարածաշրջանի համար: Թուրքիան կցանկանար, որպեսզի երրորդ երկրները, ներառյալ Արևմուտքում իր դաշնակիցները, կամ օգնեին այս նոր ըմբռնմանը, կամ գոնե զգուշանային պատմական վեճը քաղաքականացնելու և ռազմական գործողությունները հավերժացնելու ջանքերից», – ասել նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում