Վաշինգտոնում Ադրբեջանի հետ համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի 2 հոդված. Միրզոյան
Նմանատիպ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել վաշինգտոնյան բանակցություններից։
Միրզոյանը մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Վաշինգտոնում բանակցությունների հարցում որոշակի առաջընթաց է ձեռք բերվել այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր է եղել համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր է եղել ուղիղ, երկար, անկեղծ խոսակցություն ծավալել։
«Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտահոգությունները, մտադրությունները և պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության։ Սա միայն իմ գնահատականը չէ, ինձ հավաստիացրել են մյուս կողմերը ևս։
Անշուշտ, կան հոդվածներ և թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները բավական հեռու են իրարից։ Սրանք այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին։ Բայց այս ուղղությամբ ևս բավականին արդյունավետ քննարկում է եղել»,- ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարը նաև վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ հաստատել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։
«Հայաստանը միայնակ չի կարող կառուցողական քայլեր գործադրել»,- նշեց Միրզոյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանի համար սկզբունքային է սահմանազատման գործընթացում որոշակիություն ունենալը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում