Ռուսաստանում լարված իրադրություն է․ «Վագները» դուրս է եկել վերահսկողությունից
Նմանատիպ
Ռուսաստանի կենտրոնական իշխանությունը Մոսկվայի և Վորոնեժի մարզերում, ներառյալ՝ Մոսկվա քաղաքում հայտարարել է հակաահաբեկչական գործողության դրություն, որի ժամանակ չեղարկվում և արգելվում են բոլոր տեսակի զանգվածային գործողությունները, իսկ ուժային կառույցները բերված են ամենաբարձր պատրաստության վիճակի։
Պատճառը «Վագներ» մասնավոր ռազմական կառույցի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարություններն են, որով նա դեռևս երեկ երեկոյան կոչ է արել Ռուսաստանի զինված ուժերի բոլոր զինվորականներին միանալ «Վագներին» և «փրկել երկրի դեմքը»։
Ռուսաստանի իշխանությունները Պրիգոժինի հայտարարությունները որակել են որպես հեղաշրջման փորձ։ Ինքը՝Պրիգոժինը, նշում է, որ դա «արդարության շքերթ է»։
Երեկ երեկոյան Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անձամբ Վորոնեժի մարզում թիկունքից հրամայել է հրետանային կրակ բացել «Վագներ» մասնավոր ռազմական կառույցի տեղակայման վայրի ուղղությամբ, որի հետևանքով կան անթիվ զոհեր։ Նա նաև մեղադրել է Շոյգուին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիան ձախողելու, սեփական վարկանիշի համար դա օգտագործելու և զոհված հազարավոր ռուս զինծառայողների մարմինները թաքցնելու մեջ։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան և այսօր առավոտյան 2 անգամ կոչ է հնչեցրել՝ ուղղված Մասնավոր ռազմական կառույցի վարձկաններին՝ հորդորելով «հետ կանգնել արկածախնդրությունից, վերադառնալ իրենց բնակավայրեր»։ ՌԴ ՊՆ-ն խոստացել է ներողամիտ գտնվել «Վագներ»-ի բոլոր վարձկանների նկատմամբ, ովքեր հետ կկանգնեն խռովության ճանապարհից։
Նշենք, որ Եվգենի Պրիգոժինն ակտիվորեն իր տելեգրամյան ալիքներում տարածում է ուղերձներ՝ նշելով՝ «Մենք 25 հազար ենք և ամեն ինչ նոր է սկսվում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում