Հայաստանյան մի քանի բանկեր հրաժարվել են Unistream համակարգից

Հայաստանյան մի քանի բանկեր հրաժարվել են Unistream համակարգից

Ինչպես հայտնում է «Civilnet»-ը, հայկական մի քանի բանկեր դադարեցրել են Unistream արագ փոխանցումների համակարգի սպասարկումը: Նման որոշում են կայացրել «Արդշինբանկը», «Կոնվերս Բանկը» և «Ինեկոբանկը»։

Թեպետ բանկերը չեն նշում որոշման պատճառը, սակայն մասնագետները ենթադրում են, որ այն կարող է պայմանավորված լինել դրամական փոխանցումների տվյալ համակարգի դեմ ԱՄՆ պատժամիջոցներով: Կենտրոնական բանկից նշել են, որ «Բանկերն իրենք են կառավարում իրենց ռիսկերը և կայացնում որոշումներ»:

Unistream-ի սպասարկման դադարեցման մասին հայտարարել են իրենք՝ բանկերը` հաճախորդներին առաջարկելով այլընտրանքներ:

«Արդշինբանկ ՓԲԸ դադարեցնում է դրամական փոխանցումների իրականցումը Unistream արագ դրամական փոխանցումների համակարգով: Բանկը հայցում է հաճախորդների ներողամտությունը և առաջարկում դրամական փոխանցումեր կատարել բանկի կողմից սպասարկվող արագ դրամական փոխանցումների համակարագերով՝ Moneygram, Intelexpress, Ria, Moneytun»,- ասված է ֆինանսական կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

«Կոնվերս Բանկի» դեպքում նշվում է, որ Unistream-ի սպասարկումը դադարեցվում է «այս պահի դրությամբ»` նույնպես առաջարկելով գումար փոխանցելու կամ ստանալու համար օգտվել այլ համակարգերից: Բանկի մամուլի ծառայությունը չի հստակեցնում` արդյոք որոշումը վերջնական է, թե որոշ ժամանակ անց Unistream համակարգի սպասարկումը կարող է վերագործարկվել:

«Կոնվերս Բանկի» պարագայում Unistream-ի միջոցով հնարավոր է դրամական փոխանցում ստանալ, եթե անձը ձեռք է բերել բանկի թողարկած հատուկ Transfer Card-ը։ Այդ պարագայում նրա հաշվից հնարավոր կլինի գումար փոխանցել «Կոնվերս Բանկի» քարտին:

ՍիվիլՆեթ-ը գրել է, որ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, թե Unistream-ից հրաժարվել են նաև «Հայէկոնոմբանկը» և «Էվոկաբանկ», սակայն տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Հայէկոնոմբանկ»-ից ՍիվիլՆեթին հայտնել են, որ Unistream-ի միջոցով ռուսական ռուբլով փոխանցումներ կատարում են: Դադարեցվել են փոխանցումները դոլարով և եվրոյով:

«Էվոկաբանկ»-ից էլ հայտնել են, որ շարունակում են բնականոն և առանց սահմանափակումների սպասարկել Unistream դրամական փոխանցումների համակարգը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին ԱՄՆ պատժամիջոցների տակ է հայտնվել Unistream վճարային համակարգի օպերատոր ռուսական Unistream բանկը։ Պատժամիջոցների տակ գտնվող բանկերի հետ գործառնությունները թույլատրվում են մինչև հոկտեմբերի 18-ը: Սահմանափակումները ներառում են ԱՄՆ բնակիչների հետ բիզնեսով զբաղվելու արգելք, ինչպես նաև ակտիվների արգելափակում։

Օրեր առաջ` հուլիսի 21-ին, Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն и TBC Bank-ը դադարեցրել են հաճախորդների սպասարկումը, որոնք գումար են ստանում Unistream համակարգով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում