Ռուս-վրացական պատերազմի 15-րդ տարելիցին Մոսկվան սահման գծելու կոչ է անում
Նմանատիպ
Ռուս-վրացական կարճատև պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվան հայտարարել է, որ Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան միջազգային երկխոսությունում վրացական կողմից ավելի կառուցողական մոտեցում է ակնկալում, հավելով, թե այդ ուղղությամբ առաջընթացը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։
Ռուսաստանը համոզված է, որ Անդրկովկասում կայուն անվտանգության ապահովումը հնարավոր է միայն մի կողմից Վրաստանի, մյուս կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև ուժի կիրառումը բացառելու մասին իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի ստորագրմամբ, ինչպես նաև նրանց միջև պետական սահմանի սահմանազատմամբ, նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
Արևմուտքին մեղադրելով Ժնևյան երկխոսությունը խարխլելու փորձերի մեջ՝ Զախարովան նշել է, որ 2008-ին ստեղծված այդ ձևաչափը միակն է, որը հնարավորություն է տալիս ուղիղ երկխոսություն վարել Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև՝ «առանց որի Թբիլիսի-Սուխումի-Ցխինվալի եռանկյունում հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ»։
Ռուս-վրացական 2008 թվականի կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Վրաստանը և միջազգային հանրությունը դատապարտել են Մոսկվայի որոշումը և Աբխազիան ու Հարավային Օսիան համարում են Վրաստանի անբաժանելի մասերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում