Զելենսկին պաշտոնանկ է անում երկրի բոլոր զինկոմիսարներին

Զելենսկին պաշտոնանկ է անում երկրի բոլոր զինկոմիսարներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո որոշել է պաշտոնանկ անել երկրի բոլոր տարածաշրջանային զինկոմիսարներին։

«Այս համակարգը պետք է ղեկավարվի այն մարդկանց կողմից, որոնք հստակ գիտեն, թե ինչ է պատերազմը և ինչու ցինիզմն ու կաշառակերությունը պատերազմի ժամանակ դավաճանություն են», – ասել է նա:

Զելենսկու խոսքով՝ գրանցվել են ապօրինի հարստացման, ապօրինի ձեռք բերված միջոցների օրինականացման, զինապարտների՝ սահմանով ապօրինի տեղափոխման դեպքեր:
Նա առաջարկել է զինկոմիսարիատների հսկողությունը փոխանցել մարտական գործողություններ անցած զինծառայողներին՝ նրանց, ովքեր վերջույթների կորստի կամ առողջական այլ խնդիրների պատճառով այլևս չեն կարող ծառայել։

Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված տեքստի համաձայն, ընդհանուր մոբիլիզացիայի ընթացքում, մասնավորապես, բացահայտվել են կոռուպցիայի դեպքեր, և դա սպառնալիք է ազգային անվտանգությանը և խաթարում է վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին առաջարկել է մարտական սպաներին նշանակել որպես տարածաշրջանային զինկոմիսարիատների ղեկավարներ, որոնք նախ կստուգվեն Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից։

Ուկրաինայում տարածքային հավաքագրման կենտրոնների ստուգումը սկսվել է Օդեսայի մարզի նախկին զինվորական կոմիսար Եվգենի Բորիսովի ապօրինի հարստացման հետաքննության հետ կապված սկանդալից հետո։ Ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի՝ մոբիլիզացիայի հայտարարումից հետո նրա ընտանիքի անդամները Իսպանիայում անշարժ գույք, մասնավորապես՝ 3 միլիոն եվրո արժողությամբ վիլլա. Բորիսովը հեռացվել է աշխատանքից և նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում