Թուրքիան քննարկում է հացահատիկի գործարքի զարգացման սցենարները

Թուրքիան քննարկում է հացահատիկի գործարքի զարգացման սցենարները

Թուրքիայի իշխանությունները քննարկում են հացահատիկի գործարքի շուրջ իրավիճակի զարգացման երեք սցենար, որի իրականացումը կասեցվել էր հուլիսի 17-ին։ Արտգործնախարար Հաքան Ֆիդանը ծրագրում է հարցի արդյունքները քննարկել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որից հետո կարող է կայանալ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Ըստ առաջին սցենարի՝ ստեղծված իրավիճակից ելք չի գտնվի, որը կհանգեցնի «[պարենային-խմբ․] ճգնաժամի սրման», ինչը չի բխում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի շահերից։ Այս դեպքում կողմերի միջև երկխոսության ուղիներն ամբողջությամբ կփակվեն, «ռազմական լարվածությունը կաճի»։

Երկրորդ սցենարը նախատեսում է «միակողմանի գործողություններ և երկկողմ համաձայնագրերի հիման վրա այլընտրանքային ուղիների ստեղծում», մասնավորապես՝ ուկրաինական գյուղմթերքի մատակարարում Դանուբով կամ ցամաքային ճանապարհով Եվրոպա։

Երրորդ սցենարի համաձայն՝ հացահատիկային միջանցքը կվերսկսի գործել նախկին ձևաչափով այն բանից հետո, երբ «Ռուսաստանի որոշ մտահոգություններ կվերանան»։ Սա «միակ տարբերակն է, որից կշահեն բոլոր կողմերը, և որը կկանխի համաշխարհային պարենային ճգնաժամը»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Ուկրաինան հայտարարել էր Սև ծովում ժամանակավոր միջանցքների մասին՝ Չերնոմորսկի, Օդեսայի և Յուժնի նավահանգիստներից կամ դեպի նավահանգիստներ մեկնող առևտրային նավերի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում