Դանիայի և Նիդեռլանդների կողմից ռազմական տեխնիկա կփոխանցվի Ուկրաինային
Նմանատիպ
ԱՄՆ-ը համաձայնել է Դանիայի և Նիդեռլանդների կողմից F-16 կործանիչներ փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ գործակալության տվյալների՝ երկրները Կիև կուղարկեն կործանիչներ այն բանից հետո, երբ ավարտվի ուկրաինացի օդաչուների՝ F-16-ը կառավարելու վարժանքները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն նամակներ է ուղարկել Դանիայի և Նիդեռլանդների իր գործընկերներին՝ հավաստիացնելով, որ Վաշինգտոնն աջակցում է այդ քայլին:
«Ես գրում եմ սա, որպեսզի Միացյալ Նահանգների անունից լիակատար աջակցություն հայտնեմ ինչպես F-16 կործանիչներ Ուկրաինա տեղափոխելու, այնպես էլ ուկրաինացի օդաչուներին որակյալ հրահանգիչների կողմից վերապատրաստելու համար», – ասվում է Բլինքենի նամակում:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ երրորդ երկրների կողմից մատակարարման հարցումների հաստատումը թույլ կտա Ուկրաինային օգտվել նոր հնարավորություններից, հենց որ «օդաչուների առաջին խումբն ավարտի իր վերապատրաստումը»։