Էրդողանն ու Պուտինը կրկին կհանդիպեն

Էրդողանն ու Պուտինը կրկին կհանդիպեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են նոր հանդիպում ունենալ ՄԱԿ-ում Թուրքիայի ղեկավարի հանդիպումներից հետո, որտեղ սեպտեմբերի 19-25-ը տեղի կունենա կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանը դրական է արձագանքել սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացած բանակցություններում աֆրիկյան աղքատ երկրներին 1 մլն տոննա հացահատիկի մատակարարման վերաբերյալ Պուտինի առաջարկին։ «Պուտինի հայտարարություններից մենք եզրակացրինք, որ հացահատիկային միջանցքի շուրջ բանակցությունները կշարունակվեն որոշ ժամանակ: Երկու ղեկավարներն էլ կարող են կրկին հանդիպել ՄԱԿ-ում Էրդողանի շփումներից հետո»,- գրում է Թուրքիայի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած հրատարակության սյունակագիր Աբդուլքադիր Սելվին:

«Էրդողանը շատ հստակ էր հացահատիկային միջանցքի մասին: Նա նշել է, որ հույս ունի ՄԱԿ-ի հետ համատեղ պատրաստած առաջարկների փաթեթի հաջողությամբ: Սակայն դա ժամանակ կպահանջի»,- նշվում է հոդվածում:

Թուրքիան առաջիկա օրերին ՄԱԿ-ին կտեղեկացնի երկու երկրների նախագահների՝ Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերսկսման շուրջ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքների մասին։

Ելույթ ունենալով սեպտեմբերի 4-ին Սոչիում Պուտինի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, Էրդողանն ասել է, որ Անկարան ՄԱԿ-ի հետ միասին պատրաստել է նախաձեռնությունների նոր փաթեթ՝ նպատակ ունենալով վերսկսել սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը և հույս ունի, որ այն դրական կքննարկվի։ ՌԴ նախագահն իր հերթին ասել է, որ Մոսկվան պատրաստ է հացահատիկի գործարքին վերադառնալ մի քանի օրվա ընթացքում՝ ստամբուլյան համաձայնագրերով իրեն տրված խոստումների կատարումից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում