ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ում գրանցված մեքենաների ներմուծման արգելքը
Նմանատիպ
Եվրահանձնաժողովը հաստատել է Գերմանիայում մի քանի ամիս կիրառվող պատժամիջոցների օրենսդրության մեկնաբանությունը, ըստ որի՝ Ռուսաստանում գրանցված մեքենաների մուտքը Եվրամիություն համարվում է արգելված։ Պատասխանելով այս առնչությամբ ամենահաճախ տրվող հարցերին՝ հանձնաժողովը պարզաբանումներ է հրապարակել պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված ապրանքների ներմուծման, գնման և փոխադրման վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշումների վերաբերյալ։ Փաստաթղթից բխում է, որ արգելքի տակ են մտնում ցանկացած ավտոմեքենա, այդ թվում՝ անձնական նպատակներով օգտագործվող մեքենաները։
Տվյալ դեպքում նշանակություն չունի Ռուսաստանի Դաշնությունում գրանցված ավտոմեքենայի ներմուծման ժամկետը, ինչպես նաև մաքսային ընթացակարգի տեսակը՝ ազատ շրջանառություն, թե ժամանակավոր ներմուծում, պարզաբանել է Բրյուսելը։ Այսպիսով, Եվրահանձնաժողովը հստակեցրել է իր դիրքորոշումը Գերմանիայում ԵՄ պատժամիջոցների օրենսդրության մեկնաբանության վերաբերյալ, ինչը հարցեր է առաջացնում իրավաբանների մոտ՝ կապված ավտոմեքենաների ներկրման և անձնական մեքենայով երկիր մուտք գործելու տարբերության հետ։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կանոնակարգի հավելվածում, ի թիվս այլ բաների, կան արգելքներ կոսմետիկայի, ճամպրուկների, պայուսակների, ուսապարկերի, դրամապանակների, հագուստի, նոթբուքերի, տեսախցիկների, բջջային հեռախոսների, կաշվե և մորթյա իրերի, կիսաթանկարժեք և թանկարժեք քարերի համար։
Հարցին, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարո՞ղ են ժամանակավորապես, օրինակ՝ զբոսաշրջության նպատակով, իրենց հետ բերել ԵՄ անձնական իրեր և տրանսպորտային միջոցներ, որոնք թվարկված են կանոնակարգի հավելվածում, Եվրահանձնաժողովը բացասական պատասխան է տվել։ Նշվել նաև, որ ներմուծման արգելքը չի տարածվում անձնական ոսկյա զարդերի վրա
Եվրահանձնաժողովը հիշեցրել է, որ պատժամիջոցների նպատակն է էականորեն թուլացնել ռուսական տնտեսությունը և Ռուսաստանի Դաշնությանը զրկել իր արտադրանքի համար կարևորագույն շուկաներից և էապես սահմանափակել պատերազմ վարելու նրա հնարավորությունը։ Հետևաբար, պատժամիջոցային օրենսդրության ցանկացած այլ մեկնաբանություն կզրկի այդ արգելքներն իրենց իմաստից և զգալի հնարավորություններ կստեղծի դրանք շրջանցելու համար, կարծում են գերատեսչությունում։