ԱՄՆ Սենատը կոչ է արել հետաքննություն սկսել SpaceX-ի նկատմամբ
Նմանատիպ
Ամերիկացի սենատոր Էլիզաբեթ Ուորենը պահանջել է հետաքննություն սկսել SpaceX-ի նկատմամբ այն բանից հետո, երբ դրա հիմնադիր Իլոն Մասկը խոստովանել է, որ սահմանափակել է Starlink-ի գործունեությունը Սև ծովի տարածաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի համար, գրում է Bloomberg-ը։
«Կոնգրեսը պետք է հետաքննի տեղի ունեցածը և պարզի, թե արդյոք մենք ունենք համապատասխան գործիքներ՝ ապահովելու, որ արտաքին քաղաքականությունը վարի կառավարությունը, այլ ոչ թե մեկ միլիարդատեր»,- ասել է քաղաքական գործիչը։
Ուորենը հավելել է, որ ինքը նաև ակնկալում է, որ պաշտպանության նախարարությունը կվերանայի SpaceX-ի հետ պայմանագիրը։
Անցյալ շաբաթ CNN-ը մեջբերել էր Մասկի կենսագրությունից մի հատված, որը գրել է Ուոլթեր Այզեքսոնը։ Մասնավորապես, ասվում է, որ անցյալ տարի գործարարն իր ինժեներներին գաղտնի կարգադրել է անջատել Starlink-ը Սև ծովի տարածաշրջանում՝ «խափանելու ուկրաինական գաղտնի հարձակումը ռուսական նավատորմի վրա»։ Ինքը՝ ձեռներեցը, պարզաբանել է, որ եթե դա չաներ, իր ընկերությունը կներգրավվեր «պատերազմական գործողության մեջ»։
Այս տեղեկատվության հրապարակումից հետո Մասկը քննադատության է ենթարկվել իր X սոցիալական ցանցում, նրան, ի թիվս այլ բաների, մեղադրել են պետական դավաճանության մեջ։ Սրան նա պատասխանել է, որ Կոնգրեսը պատերազմ չի հայտարարել Ռուսաստանին, և մեղադրել է նման հայտարարություններ գրողներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում