Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամին չի եղել և չի լինի․ Զախարովա
Նմանատիպ
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, հայտարարել է ԵԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դա արեց Հայաստանի ղեկավարությունը։ Իրենց՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես կարձագանքի սրան։ Բայց պետք չէ Երևանում կայացված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Ռուսաստանում թշնամի փնտրելու կարիք չկա. Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամին չի եղել և չի լինի»,- ընդգծել է նա։
Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի վերաբերյալ Երևանի կոշտ հայտարարություններին «պայմանավորված է հասկացությունների փոխարինմամբ»։
«Մենք նույնիսկ այդքան ուշադրություն չէինք դարձնում տոնայնությանը և անձնական բնույթի վիրավորանքներին, այն կոպտությանը, որը կար, մենք ուշադրություն չէինք դարձնում դրանց վրա: Այլ այն բանի, որ դրանք հիմնված էին կեղծիքի, անճշտության կամ փաստերը իրենց արտացոլմամբ փոխարինելու փորձի վրա։ Հենց դա էլ առաջացրեց մեր արձագանքը, ինչի պատճառով էլ դեսպանին հրավիրվեց ԱԳՆ»,- նշել է Զախարովան։
«Երկրորդը, մեր ոճը չէ արձագանքել այս կոպտությանը: Դա պարզապես մեր մեթոդը չէ: Մենք այս ամենօրյա վեճից վեր ենք, բացառությամբ այն իրավիճակների, երբ խոսքը վերաբերում է հիմնարար նշանակություն ունեցող հասկացությունների փոխարինմանը»,- բացատրել է գործակալության զրուցակիցը:
Բացի այդ, Զախարովան զգուշացրել է «մեղավորին գտնելու գայթակղության» վտանգի մասին, երբ «ինչ-որ բան չի ստացվում կամ սխալ է լինում»։
«Որովհետև սա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, սա վտանգավոր է Հայաստանի համար»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորախմբի վրա գցելը տեղին չէ, սխալ է և անհիմն, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Ըստ նրա՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն է։
Այս հայտարարությանը հակադարձել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը և ասել, որ Արցախում տիրող իրավիճակի մեղավորը ռուս խաղապահների թողտվությունն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում