Կատարը հաստատել է իրանական 6 միլիարդ դոլարի փոխանցումը

Կատարը հաստատել է իրանական 6 միլիարդ դոլարի փոխանցումը

Կատարը հայտնել է ԱՄՆ-ին և Իրանին, որ նախկինում արգելափակված իրանական 6 միլիարդ դոլարը փոխանցվել է Դոհայի բանկերին՝ գերիների փոխանակման գործարքի շրջանակում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tasnim-ը՝ Իրանի իշխանությունները հաղորդել էին, որ բանտարկյալներին կփոխանակեն ԱՄՆ-ի հետ այն բանից հետո, երբ Հարավային Կորեայում սառեցված Իսլամական Հանրապետության ակտիվները՝ 6 միլիարդ դոլարի չափով, կհասնեն Կատարի իրանական հաշիվներին։

Վաշինգտոնը և Թեհրանը մոտ են երկքաղաքացիություն ունեցող ԱՄՆ հինգ քաղաքացիների և նույնքան իրանցիների փոխանակմանը, որոնք բանտարկված են ԱՄՆ-ում, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրների։

Իրանը պատրաստվում է հանձնել գործարարներ Սիամաք Նամազին և Էմադ Շարքին, ինչպես նաև բնապահպան Մորադ Թահբազը: Վերջինս, բացի ամերիկյանից, ունի նաև բրիտանական քաղաքացիություն։ Եվս երկու անձի, այդ թվում՝ մեկ կնոջ ինքնությունը չի հաղորդվում։ Գործակալությանը չի հաջողվել պարզել, թե որ իրանցիներին է մտադիր հանձնել ԱՄՆ-ը։

Նշենք, որ Նամազին դատապարտվել է 2016 թվականին լրտեսության հետ կապված մեղադրանքներով, որոնք ԱՄՆ-ը մերժել է որպես անհիմն։ Թահբազը ձերբակալվել է 2018 թվականին և դատապարտվել տասը տարվա ազատազրկման՝ «Իրանի ազգային անվտանգության դեմ հավաքվելու և դավադրություն կազմակերպելու» և Վաշինգտոնի համար որպես լրտես աշխատելու համար։ Շարգին մեղավոր է ճանաչվել լրտեսության մեջ 2020 թվականին և նաև դատապարտվել տասը տարվա ազատազրկման։

Ավելի վաղ՝ օգոստոսի 10-ին, The New York Times-ը գրել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են փոխանակել բանտարկյալներին։ Նույն օրը Սպիտակ տունը հաստատել է համաձայնությունը, սակայն կոչ է արել սպասել համաքաղաքացիների վերադարձին Իսլամական Հանրապետությունից, որպեսզի վերջնականապես հայտարարեն գործարքի ավարտի մասին։

Այնուհետև, ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հայտարարել էր, որ Թեհրանը և Վաշինգտոնը պայմանավորվել են փոխանակել բանտարկյալներին «հինգը հինգի» ձևաչափով, որը կիրականացվի 6 միլիարդ դոլարը փոխանցելուց հետո։

Դրանից հետո, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցում Կատարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հայտարարել էր Վաշինգտոնի հետ համաձայնագրի պայմանները կատարելու Թեհրանի պատրաստակամության մասին։

Որպես առաջին քայլ, Իրանը օգոստոսին Թեհրանի բանտից արդեն տնային կալանքի էր տեղափոխել ԱՄՆ չորս քաղաքացու։ Պետքարտուղար Անտոնի Բլինկենը դա անվանել է գործընթացի սկիզբ, որը կհանգեցնի նրանց տուն վերադառնալուն:

Այժմ, երբ 6 միլիարդ դոլարը փոխանցվել է իրանական հաշիվներին, գործընթացը պետք է նոր թափ ստանա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում