Ռուսաստանը և Իրանը կարող են լինել անվտանգային երաշխավորներ

Ռուսաստանը և Իրանը կարող են լինել անվտանգային երաշխավորներ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման քառակողմ մեխանիզմի շրջանակներում կայացած բանակցություններում առաջարկել է Մոսկվային և Թեհրանին հանդես գալ որպես Դամասկոսի և Անկարայի անվտանգության երաշխավոր։ Այս մասին նա հայտարարել է իրանական արաբալեզու Al-Vefagh թերթին տված հարցազրույցում։

«Սիրիայի հետ կապված մեկ այլ խնդիր սիրիա-թուրքական սահմանի անվտանգության խնդիրն է, Սիրիայի իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ իրենք լիովին պատրաստ են ապահովելու Թուրքիայի հետ սահմանի անվտանգությունը սիրիական տարածքում»,- նշել է Աբդոլլահիանը։ Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների մակարդակով քառակողմ ձևաչափով Մոսկվայում կայացած վերջին հանդիպմանը Թեհրանն առաջարկել է, որ «Սիրիան և Թուրքիան պայմանավորվեն թուրքական զորքերը Սիրիայից դուրս բերելու շուրջ»։

Իրանի ԱԳՆ-ի խոսքով՝ Թուրքիան անհանգստացած է Սիրիայի հետ սահմանին տիրող իրավիճակով, ինչպես նաև անվտանգության սպառնալիքներով, որոնք բխում են այդ տարածքում տեղակայված խմբավորումներից։

Մայիսի 10-ին Մոսկվայում կայացել է Սիրիայի հարցով քառակողմ ձևաչափով առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների մասնակցությամբ։ Որոշվել է հանձնարարել փոխարտգործնախարարներին պատրաստել Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ։ Հունիսի 20-21-ը Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ճանապարհային քարտեզի նախագիծը։ Այս մասին ասել է սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ Նա հավելել է, որ փաստաթուղթը պահանջում է հետագա մշակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում