ՀՀ ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին

ՀՀ ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կոչ է արել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կազմակերպություններին և դերակատարներին անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի դեմ։ Նա հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։

Մանասյանը նշել է, որ Ստեփանակերտի և այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ սանձազերծված ռազմական ագրեսիան ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգի հիմքում ընկած բոլոր արժեքները։

«Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,- գրել է նա։

Պաշտպանը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն բոլոր իրավիճակներում և աշխարհի ցանկացած անկյունում։ Պաշտպանը իրավապաշտպան ամբողջ հանրությանը կոչ է արել համախմբվել այս նպատակի իրացման շուրջ և կանխել մարդու իրավունքների ժամանակակից համակարգի ձևախեղումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում