Ֆրանսիան պահանջում է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ
Նմանատիպ
Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ գումարում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության հարցով։ Այս մասին ասվում է Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Ֆրանսիան սերտ կապի մեջ է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ կոշտ պատասխան տալու այս անընդունելի հարձակողական գործողություններին, որոնք վտանգ են ներկայացնում տարածաշրջանում անվտանգության համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Ֆրանսիան խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից ծանր զինատեսակների կիրառմամբ ռազմական գործողությունների սանձազերծումը, ներառյալ բնակելի թաղամասերի վրա հարձակումները։
«Ոչինչ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են հազարավոր խաղաղ բնակիչներին, որոնք արդեն իսկ անօրինական շրջափակման մեջ են: Փարիզը պատրաստ է աջակցել միջազգային հանրության ջանքերին՝ բանակցային լուծման հասնելու համար։ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները և վերադառնալ միջազգային իրավունքի պահանջներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրետանու և անօդաչու թռչող սարքերի միջոցով սկսել են գնդակոծել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքները։ Պաշտոնական Բաքուն հայտարարել է «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին՝ պնդելով, որ հարվածներ է հասցնում գերճշգրիտ զենքի կիրառմամբ միայն ռազմական թիրախներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում