ԵԽԽՎ-ում կքննարկվի ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր
Նմանատիպ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նախագահի խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տարհանված հայերի ճակատագրին, իրավունքների ոտնահարմանը վերաբերող տվյալներ՝ հիշեցնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվելն ու ադրբեջանական լայնածավալ հարձակման ենթարկվելը: «Արդյունքում, կան հարյուրավոր սպանվածներ եւ վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության, կանանց և երեխաների շրջանում: Հազարավոր մարդիկ բռնի տեղահանվել և մնացել են անօթևան՝ առանց սննդի և ապրուստի այլ միջոցների ու առաջին բժշկական օգնության»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը:
Սիմոնյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխվում բազմաթիվ մարդիկ, որոնց կարիքներն, առայժմ, Հայաստանի կառավարությունը սեփական ուժերով կարողանում է բավարարել՝ միևնույն ժամանակ հավելելով, որ հարկավոր է լինելու բարեկամ պետությունների օժանդակությունը: Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զրուցակիցների կողմից դիտարկվել է հայաթափման ծրագիր իրականացնելու վերջնանպատակ, ինչի հետևանքով ժողովուրդը զրկվել է իր իսկ հայրենիքում ազատ և արժանապատվորեն ապրելու իրավունքից: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունները դատապարտող ԵԽԽՎ նախագահի հայտարարությունը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Եվրախորհրդի կառույցները պետք է այցելեն Լեռնային Ղարաբաղ և դիտարկեն այնտեղ տիրող մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը, արձանագրեն ժողովրդի տառապանքները և գտնեն հնարավոր լուծումներ: Վեհաժողովի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցում նա ապավինել է ԵԽԽՎ-ի աջակցությանը:
«Բացի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ավերիչ իրավիճակից՝ մինչ օրս Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները հայ ռազմագերիների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ: Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը դեռ գտնվում է Ադրբեջանի անօրինական վերահսկողության տակ»,- հիշեցրել է խորհրդարանի ղեկավարը:
Նա շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. հաստատել խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:
Թինի Քոքսը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ին, կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում