«Ուրվականների քաղաք է». ՄԱԿ-ը ժամանել է ԼՂ

«Ուրվականների քաղաք է». ՄԱԿ-ը ժամանել է ԼՂ

Գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունն արդեն լքել էր Լեռնային Ղարաբաղը, երբ կիրակի օրը ՄԱԿ-ի առաջին առաքելությունը ժամանեց գործնականում ամայի շրջանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ասել էր, որ ՄԱԿ-ի թիմը տեղում է և «կբացահայտի մարդասիրական կարիքները» ինչպես մնացած մարդկանց, այնպես էլ «արդեն Հայաստանի ճանապարհին գտնվողների համար»։ Այս մասին գրել է The Guardian-ը՝ հղում անելով AlJazeera-ին։

Սա ՄԱԿ-ի առաջին առաքելությունն է տարածաշրջանում վերջին 30 տարիների ընթացքում։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերից շատերն ասել են, որ կարծում են՝ միջազգային առաքելությունների այցը ուշացել է:

Հայաստան հասած քաղաքացիներից մեկը, ով անցյալ շաբաթ է տեղափոխվել Երևան, ասել է, որ ՄԱԿ-ն Արցախում անելիք չունի, քանի որ մարդ չի մնացել։ «Ուրվական քաղաք է»,- ասել է նա։

Հանգստյան օրերին Al Jazeera-ի հեռարձակված կադրերը ցույց են տվել, որ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը դատարկ է, լցված աղբով, լքված մանկասայլակներով և իրերով։

«Որտե՞ղ էին միջազգային դիտորդները, երբ մեզ սովի էին մատնում։ Հիմա արդեն ուշ է»,- ասել է քաղաքացին՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ ադրբեջանական կողմից ամիսներ շարունակ շրջափակմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում