Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Այս մասին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի զինված ուժերի ԳՇ պետ Մոհամմեդ Բաղիրին։

«Իրանը պատրաստ է օգնել հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Մենք պատրաստ ենք Հայաստանի և Ադրբեջանի սահման դիտորդներ ուղարկել։ Տարածաշրջանից դուրս նոր դերակատարներ ունենալը մեծացնում է բարդությունն ու անկայունությունը ռեգիոնում»,- ասել է նա։

Նա նաև կոչ է արել միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում վեճերն ու լարվածությունը լուծելու համար։

Իրանցի զինվորականը, հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ դիտորդներ ուղարկելու Իրանի պատրաստակամությունը, ընդգծել է, որ որևէ երկրի պաշտպանունակության բարելավման հետևում չպետք է լինի որևէ ագրեսիվ նպատակ կամ մտադրություն։

«Տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը բխում են բոլոր երկրների շահերից, և տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանի խաղաղությանը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այս օրերին Թեհրանում է։ Այցի ընթացքում նա հանդիպել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի։

Գրիգորյանը և Ահմադիանը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանի զարգացումներին առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում