«Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը շարունակվում է տարածվել

«Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը շարունակվում է տարածվել

Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ»–ում արդեն երկու օր է` հրդեհ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 6-ին` ժամը 13:30-ին, ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկի» 3-րդ պահաբաժնում։ Ժամը 17։50-ին մոտ հրդեհը մեկուսացվել է։

«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 և Դիլիջանի ոստիկանության 1 աշխատակից։

Ժամը 20:07-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն»,– տեղեկացնում են նախարարությունից։

Այսօր վաղ առավոտից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։

Ժամը 15։00–ի դրությամբ` քամու ուժգնության հետևանքով հրդեհը շարունակում է տարածվել «Դիլիջան ազգային պարկի» Հաղարծինի տեղամասում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում