Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է տարածքներ զիջել նաև Վրաստանին․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի Հայաստան այցի ժամանակ քննարկվել է երկու երկրների միջև սահմանազատման հարցը և Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել հերթական գյուղը՝ այս անգամ Լոռու մարզից․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը՝ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարանը, կփակվի: Կոտայքի մարզում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողքը նոր բանտ է ստեղծվելու։ Այս նոր ստեղծվելիք բանտ կտեղափոխվի Նուբարաշեն, Վարդաշեն, Դատապարտյալների հիվանդանոց եւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների ողջ անձնակազմը՝ դատապարտյալների եւ կալանավորների հետ միասին։
«Ժողովուրդ» օրաթերթը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեց՝ ԱԱԾ մեկուսարանը փակվելու է արդյոք, ինչին ի պատասխան՝ նախարարը հայտնեց՝ նոր ՔԿՀ ստեղծելուց հետո, այո՛, կփակվի:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՄԱԿ ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հնարավոր է առաջիկա շաբաթներին վայր դնի պատգամավորական մանդատը:
Պատճառը գործող իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության հետ ունեցած անհամաձայնությունն է, որն առաջացել է մոտ մեկ տարի առաջ: Արսենյանն իր շրջապատում չի թաքցրել, որ դեմ է գույքահարկի թանկացմանը եւ այլ «ռեֆորմների», որոնցով այս իշխանությունները, ըստ էության, ոտնահարում են ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Թե ինչու Արսենյանն այս ընթացքում չի հրաժարվել մանդատից` ձգվել է հարցը, կարծում ենք՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան դառնալու գործընթացն է առկախել այն:
Ինչպես հայտնի է, դեռեւս անցած սեպտեմբերին ՀՀ իշխանությունները Ռուսաստանի ԱԳՆ են ուղարկել Արսենյանին դեսպան նշանակելու հայտը, բայց ագրեմանն այդպես էլ չի եկել, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն մերժել է հայտը։ Իսկ երեկ արդեն կրեմլյան շրջանակներին հարող բլոգերները տարածում էին, որ ՌԴ-ն արգելել է մի շարք իշխանականների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, որոնց թվում նաեւ Գ. Արսենյանի անունն է։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2023 թվականի հունիսի 23-ին «Ճանապարհային դեպարտամենտ»-ը վերանորոգման աշխատանքներ կատարելու համար 55 մլն 507 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ԱՋԱՓՆՅԱԿ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի հետ։
Պայմանագրով նախատեսվում է վերանորոգել Կառավարության 3-րդ տան առաջին եւ երկրորդ հարկերում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հատկացված տարածքները։ Վերանորոգման մեջ մտնում են նաեւ քանդման աշխատանքները, որի համար ծախսվել է 784 հազար դրամ։ Վերանորոգման մեջ մտնում են նաեւ հարդարման աշխատանքները, հատակների վերանորոգումը, արտաքին եւ ներքին վիտրաժներ, բեմահարթակի կառուցման աշխատանքները, ներքին սառը ջրի մատակարարման համակարգի եւ ներքին կոյուղու համակարգի վերանորոգումը, էլեկտրատեխնիկական մասի եւ օդափոխության համակարգի վերանորոգումը։ Վերանորոգման ընդհանուր ծախսերը կազմել են 54 մլն 541 հազար դրամ, սակայն առաջացած չնախատեսվող ծախսերը կազմել է 965 հազար դրամ, ինչի արդյունքում վերջնարդյունքը կազմել է 55 մլն 507 հազար դրամ։ Շենքի 2 հարկի համար ծախսվեց 55 մլն, սակայն միջքաղաքային եւ միջմարզային ճանապարհները վերանորոգելու եւ փոսալցնելու համար՝ 0 դրամ, եւ, սրան գումարած, անորակ ասֆալտ, որը մի կաթիլ ջրից քանդվում է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարությունն էլի գնաց-եկավ, կպավ պետական սիմվոլներին, այս անգամ՝ ՀՀ պետական դրոշին։ Մասնավորապես արտաքին գործերի նախարարությունը «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում փոփոխություններ է ցանկանում կատարել եւ սահմանել, որ բացօթյա տարածքներում դրոշի չափը պետք է լինի 2 մետրը 4-ի վրա, իսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է ավելի մեծ դրոշ բարձրացնել, ապա պետք է դիմեն ԱԳՆ եւ համապատասխանեցնեն պետական արարողակարգի ծառայության հետ։
Որպես հիմնավորում՝ ԱԳՆ-ն նշում է, որ այդպես կապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ դրոշի համանման կիրառությունը, բայց թե ինչու են հանկարծ որոշել համանման կիրառություն ապահովել, նախագծում չի նշվում, ուստի կարելի է ենթադրել, որ ԱԳՆ-ում քնել-զարթնել են, որոշել են, որ ՀՀ-ում դրոշները միաչափ պիտի լինեն, բացօթյա տարածքներում՝ ավելի մեծ, փակ տարածքներում՝ 2 անգամ ավելի փոքր, ու, ըստ այդմ, օրենքում փոփոխություններ են նախատեսել։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանը պատրաստվում է սահմանազատում իրականացնել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Վրաստանի հետ: Դեռ վաղուց էին լուրեր շրջանառվում, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացնում է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաեւ Վրաստանի հետ՝ նրանց որոշակի տարածքներ զիջելու պատրաստակամությամբ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին, որը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու շրջանում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա օրերս տեղի ունեցած զինված հարձակման մեջ իշխանական թիմն արտաքին հետք է տեսնում։ Ներքին զրույցներում ՔՊ-ականներն ասում են, որ Արեւմուտքը մեծացնում է ճնշումն իշխանության վրա, որ օր առաջ գնան զիջումների՝ կնքելով խաղաղության պայմանագիրը, որից հետո վերջապես կիրականանա իրենց երազանքը՝ ռուսներին Հայաստանից դուրս մղելու հարցում։ Եվ քանի որ հարձակում գործողները կապ ունեն «Սասնա ծռերի» հետ` նրանց համակիրներից են, իսկ «ծռերն» արեւմտյան հովանավորչություն են վայելում, կարծում են, որ սրանով Արեւմուտքը Փաշինյանին նախազգուշացնում է՝ եթե չգործի, իրեն կփոխարինեն առավել ռադիկալ իշխանությամբ, որը կկատարի իրենց պահանջները։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում