Իշխանությունները պատրաստվում են Տավուշի մարզից տարածքներ հանձնել, կոչ ենք անում հրաժարվել պարտվողական գործելաոճից. Մայր Աթոռ
Նմանատիպ
Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը։
Այս մասին նշված է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հայտարարության մեջ.
«Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները:
Եկեղեցին միարժեքորեն ողջունում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները: Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր: Հայրենի հողի շուրջ սակարկումները և չարդարացված շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար։
Տևական ու ամուր խաղաղություն հնարավոր է կերտել ազգային արժանապատվության և իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքի դրսևորման և փոխադարձության սկզբունքի պահպանման պայմաններում:
Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։
Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զավակներին` այդ թվում և պետական պաշտոնատար անձանց` համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականության ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։
Հավատում ենք, որ մեր ժողովրդի մեջ զորեղ է հայրենանվիրումի և անձնականն ի սեր ազգի զոհաբերելու հանձնառության ոգին, ամուր` ազգային ինքնությունը պահպանելու նախանձախնդրությունը, և մենք Հարուցյալ Փրկչի օգնականությամբ ու համընդհանուր ջանքերով ի զորու ենք հեռացնել արհավիրքն ու չարիքը հայրենական մեր կյանքից։
Սրտաբուխ աղոթքով հայցում ենք Երկնավոր Տիրոջից, որ խաղաղության ու համերաշխության շնորհները հեղի մեր երկրի և ժողովրդի կյանքում և անվտանգ ու անսասան պահի Հայոց անկախ պետականությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում