Արդյո՞ք հավաքական առումով հանրության ուշադրությունը սևեռված է ազգային խնդիրների վրա, որ կեղծ օրակարգով շեղելու անհրաժեշտություն լինի
Նմանատիպ
Ամեն անգամ, երբ իշխանության կողմից հնչում է որևէ առաջարկ կամ փոփոխություն, ու այն սոցցանցերում լայն քննարկման թեմա է դառնում, անպայման հնչում է տեսակետ, որ դա կեղծ օրակարգ է՝ հանրության ուշադրությունը գլխավոր խնդիրներից շեղելու համար։
Ահավասիկ ներկա «օրակարգային» թեման ՊՆ-ի «բարեփոխումն է», ըստ որի, «ուռա»-ն կփոխարինվի «կեցցե»-ով։ Մի կողմ թողնենք, որ այս փոփոխությունը քերականական տգիտություն է, որովհետև հրամանատարի ցանկացած խոսքին պատասխանելով «կեցցե»՝ կառաջացնի անհեթեթ իրավիճակ։ Ենթադրենք՝ հրամանատարը դիմում է զինծառայողներին ու ասում՝ շնորհավորում եմ ձեզ բանակի օրվա կապակցությամբ, ու ի պատասխան հնչում է «կեցցե»։ Հարց է առաջանում, ո՞վ կեցցե, հրամանատա՞րը, զինծառայողնե՞րը, Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Սուրեն Պապիկյանը, իսկ կոնկրետ օրվա մասին տգիտություն է ասելը «կեցցե» այս օրը։
Բայց անդրադառնանք կեղծ օրակարգ կոչվածին։ Կեղծ օրակարգեր ու հատկապես փոքր հարցեր չեն լինում։ Նախ կյանքը ցույց է տվել, որ այս իշխանությունների մոտ կեղծ օրակարգեր չկան, նրանք հետևողականորեն պղծում ու արժեզրկում են ցանկացած ազգային արժեք, որը մենք կեղծ օրակարգ էինք որակում, երբ այդ մասին առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում էր։ Նա սկզբում իր ապազգային միտքը ներկայացնում է անմիտ ժպիտով, մենք դա պիտակավորում ենք որպես արհեստականորեն օրակարգ նետված հարց, այնուհետև այդ հարցը նա գեներացնում է իր ուսապարկերի միջոցով, վերջում այն ստանում է միս ու արյուն։ Եթե նույնիսկ միանգամից չի ստանում իրավական կարգավիճակ, համենայնդեպս, արժեզրկման իր ծիլերը սկսում է տալ ու խմորվել։
Երկրորդը պետք չէ մոռանալ, որ հաճախ փոքր թվացող հարցերի շարքը վերջում դառնում է մի ամբողջություն ու այս իշխանությունների դեպքում՝ ազգային աղետ։
Բայց մի շատ ավելի խորքային խնդիր կա։ Արդյոք իմաստ կա՞ հանրության ուշադրությունը շեղելու։ Արդյո՞ք հանրության ուշադրությունը սևեռված է որևէ ազգային խնդրի վրա, որից շեղելու անհրաժեշտություն լինի։ Եթե նման սևեռվածություն լիներ, ապա ոչ մի այլ հարց ունակ չէր լինի այն շեղելու, իսկ ավելի շուտ այս իշխանություններն իրենք չէին լինի առհասարակ։
Խոսքը բնականաբար անհատների մասին չէ, այլ հավաքական առումով ազգային հարցերի նկատմամբ մեր մոտեցման։
Կարելի է հերթով անցնել ու համոզվել, թե հավաքական առումով մեր ուշադրությունը որքանով էր կենտրոնացած ազգային խնդրիների շուրջ, որ մի բան էլ այն շեղելու անհրաժեշտություն առաջանար։
44-օրյա պատերազմի պարտությունից, շուրջ 5 հազար զոհ տալուց, Հադրութը, Շուշին ու Արցախի այլ տարածքները թշնամում հանձնելուց հետո թվում էր, թե այս իշխանությունները, եթե կամովին չհեռանան, ապա հանրությունը սրանց աղբի պես կմաքրի մեր քաղաքական կյանքից։ Ճիշտ է, հուզումներ եղան, բայց ոչ բավարար, որը չէր արտահայտում ողջ հանրության զայրույթը, ու ադյունքում սրանք վերարտադրվեցին 2021 թվականին։
Թշնամին ներխուժեց ու օկուպացրեց ՀՀ տարածքը, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք չենք կռվի ինչ-որ սարի ու ինչ-որ լճի համար։ Եվ ի՞նչ, այդ ո՞ր կեղծ օրակարգն էր, որն ունակ եղավ շեղել հանրության ուշադրությունը։ Հավատացեք, նման օրակարգ չկար, պարզապես շատերը մտածում էին, եթե իրենց տան պատուհանից չեն տեսնում Սև լիճը, Փայլասարը կամ Ջերմուկի տարածքները, ապա իրենց ոչ մի վտանգ չի սպառնում։
Արցախը ենթարկվեց ամբողջական շրջափակման, այնուհետև ագրեսիայի, վերջնարդյունքում բռնի հայաթափվեց, ձերբակալվեց Արցախի ռազմաքաղաքական ողջ ղեկարավորությունը։ Այդ ամբոջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մի ձայն ծպտուն չհանեց, ինչն, ի դեպ, ողջունվեց Ալիևի կողմից ու․․․Նիկոլ Փաշինյանը Արցախը նվիրեց Ադրբեջանին։
Թվում էր, թե փողոցները պետք է հեղեղվեին մարդկանց բազմությամբ, քարը քարին չպետք է թողնեին, պետք է սկսվեին աննախադեպ անհնազանդության ակցիաներ, որի մասնակիցն էին լինելու բոլորը։ Հայաստանի բոլոր քաղաքներում, բոլոր գյուղերում, բոլոր փողոցներում ու բակերում պետք է զգացվեր հուզումների շունչը։ Բայց տեղի ունեցավ պատմական ու քաղաքական նոնսենս։ Հայրենիքը հանձնելուց հետո մենք կրկին ամեն օր տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի ծաղրական ժպիտը հեռուսաէկրաններին։
Կարո՞ղ եք մատնանշել, այդ ո՞ր կեղծ օրակարգն էր, որն այնքան զորեղ էր, որ կարողացավ մոռացնել տալ Արցախը։
Նույնն է նաև հիմա։ Օրակարգում կա մի թեմա, այժմ հանձնել Հայաստանի 4, հետո մյուս 4 գյուղերը։ Հանրության մոտ հավաքական առումով խոր անհանգստություն չկա։ Կրկին պատճառը նույնն է․ մեր պատուհաններից այդ գյուղերը չեն երևում, ու կրկին ոչ մի կեղծ օրակարգ չկա։ Անհեթեթություն կլինի կարծելը, որ ՊՆ «ուռա»-ն «կեցցե»-ով փոխարինելը խանգարեց մեզ ոտքի կանգնելու ու վերջապես կասեցնելու այս ազգակործան ընթացքը։
Այնպես որ, խնդիրը մեր մեջ է, այլ ոչ կեղծ օրակարգերի։ Եթե խնդիրը մեր մեջ չլիներ, վաղուց այս իշխանությունները՝ դավաճանի պիտակով, քաղաքական աղբանոց նետված կլինեին։ Եթե խնդիրը մեջ մեջ չլիներ, Նիկոլ Փաշինյանն իր երեխա ժամանակ հեծանիվ չունեցողի հոգեբանությամբ առհասարակ երբևէ վարչապետ չէր լինի։ Եթե խնդիրը մեր մեջ չլիներ, մենք դարերի ընթացքում 300 հազար քառակուսի կիլոմետր տարածքը աստիճանաբար չէինք վերածի պատմական հայրենիքի, որն էլ այսօր մերժվեր Նիկոլ Փաշինյանի կողմից։
Այն օրը, երբ մենք այս իշխանական բիոզանգվածը նետենք աղբանոց, այդ օրը հայոց տոնացույցում կարելի է նշել որպես սթափության ու զարթոնքի օր։
Կարեն Կարապետյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում