Փաշինյանը ՊՊԾ աշխատակիցներին հրահանգել է հեծանիվներ գնել․ առավտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Փաշինյանը կադրային փոփոխություններ կանի, ովքեր են լինելու մատաղացու գառները․Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Քաղաքական ժողովի ժամանակ ՔՊ-ականները սպառիչ պատասխաններ այդպես էլ չեն ստացել Նիկոլ Փաշինյանից:
Ինչպես արդեն հայտնել էինք, շաբաթ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հանքավանում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաք է անցկացրել՝ քաղաքական ժողով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժողովը առավոտյան 10:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ն է տեւել:
Հիմնականում Նիկոլ Փաշինյանը երկար «դասախոսություն» է կարդացել իր հռչակած իրական ու պատմական hայաստանների մասին:
Ըստ էության՝ Փաշինյանի խոսքում ՔՊ-ականները որեւէ նոր բան չեն լսել, իսկ նրանց հարցերն այդպես էլ հստակ պատասխաններ չեն ստացել:
Փաշինյանը որեւէ հստակեցում չի արել՝ ի վերջո ինչ է սպասվում սահմանազատման արդյունքում, ուր է գնում Հայաստանը, վերջին օրերին ԵՄ անդամակցության հարցը որքանով է իրատեսական:
Ավելին՝ այլեւս անթաքույց հայտարարել է՝ որեւէ երաշխիք չկա, որ սահմանազատումից կամ մյուս պահանջների կատարումից հետո Ադրբեջանը վերջնական խաղաղության կգնա ու այլեւս սադրանքների չի դիմի:
Այս խնդիրների վերաբերյալ բոլոր հարցերին անորոշ ու հռետորական պատասխաններ է տվել:
Քաղաքական ժողովի ժամանակ խոսվել է նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, Փաշինյանն էլ իր թիմակիցներին «ավետել» է, որ այլեւս իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում, ուստի կարող են շարունակել հանգիստ զբաղվել կուսակցական գործերով:
Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ եթե, սովորաբար, քաղաքական նախորդ ժողովների ժամանակ ՔՊ-ականները մի ամբողջ օր հանգստի էին նվիրում, ապա այս անգամ կուսակցական ժողովն արել են ու նույն օրը վերադարձել:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունն ամեն գնով փորձում է խոչընդոտել Կապանում ռուսական հյուպատոսության բացմանը։ Նման ցանկություն Ռուսաստանը վաղուց ուներ, իսկ ՀՀ իշխանությունները թեպետ թույլտվություն տվել են, Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանն էլ հյուպատոսության համար տարածք է հատկացրել, սակայն տեղի ՔՊ ակտիվը, բնականաբար, բարձրագույն իշխանության դրդմամբ, արդեն քանի ամիս է՝ ակտիվ աշխատում է, որ գործընթացը չկայանա։ Կապանում ՌԴ հյուպատոսություն չբացելու ակտիվ ջատագովներից է ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը, ով անգամ ստորագրահավաք է նախաձեռնել, որ ներկայացնի ԱԳՆ-ին` կապանցիների անունից, թե դեմ են հյուպատոսություն բացելուն: Երեկ չկարողացանք նրա հետ կապ հաստատել ու հասկանալ՝ դիմե՞լ է ԱԳՆ-ին, թե՞ դա սոսկ ցանկություն է։
Ի դեպ, ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը վերջերս հայտարարեց, թե Մոսկվան ակնկալում է հյուպատոսությունը Կապանում բացել մոտ ապագայում՝ հստակ ժամկետ չնշելով։ 2023 թ․ նոյեմբերի 2-ին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն ունի, Երեւանն էլ համաձայնություն է տվել։ Ներկայում Կապանում միայն մեկ հյուպատոսություն կա՝ Իրանինը, Ռուսաստանը Հայաստանում հյուպատոսություն ունի միայն Գյումրիում։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է․ Թե ինչպես փաշինյանական ոստիկանությունը դարպաս ջարդելով հարձակվեց Արցախի ներկայացուցչության վրա՝ ուրախացնելով իրենց ղեկավարին ու նրա սիրելի գործընկեր ադրբեջանցիներին ու թուրքերին, տեսան բոլորը: Հարձակվելու ամբողջ իմաստն էլ Արցախի նախագահ Շահրամանյանի ավտոմեքենան «տանելն» էր: Ընդհանուր առմամբ՝ «վատություն է, անում ենք, հայերի ու հատկապես արցախցի հայերի հանդեպ թշնամություն է, ցուցադրում ենք»: Մինչև այդ էլ, հիշեցնենք, Արցախի տարբեր քաղաքների ղեկավարների դեմ էին նմանօրինակ հարձակումներ իրականացվում, էլի՝ ավտոմեքենաների հետ կապված, որքան կարելի էր հասկանալ: Թեպետ, այս խայտառակ երևույթը հասկանալու պահն այնքան էլ միանշանակ չէ:
Ի՞նչ է անում կամ ի՞նչ է ուզում Արցախն ուրացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արցախցի ղեկավարներից ու նրանց մեքենաներից: Չէ, պարզ է, որ սա արցախցիների նկատմամբ իշխանական մակարդակով խրախուսվող ատելության ու թշնամանքի դրսևորումներ են «գետնի վրա»: Բայց իրավական առումով ով է ումից ինչ պահանջում: Առհասարակ, Փաշինյանի ու փաշինյանական իշխանության «օծանելիքի սինդրոմը», բացի այն, որ զզվելի է, նոր ճյուղավորումներ է տալիս: Կհիշեք, Արցախի կեսը հանձնել էր, հազարավոր զինվորների, հայ մարդկանց մահվան էր մատնել, կապիտուլ յացիոն թուղթ էր ստորագրել, բայց ինչ-որ բունկերից ուղիղ եթեր էր մտել ու «քաղաքացու վրեժից» էր խոսում, որովհետև իր, թե իր կնոջ օծանելիքն ինչ-որ մեկը նրանց կեցավայրից տարել էր կամ չէր տարել:
Հիմա. Փաշինյանն ու իր ամբողջ թիմը Արցախը ուրացել են, ոչ միայն ուրացել են, այլև հանձնել են թշնամուն, եկել, ինչ-որ մեքենայի համար կառչել են Արցախի համայնքների ղեկավարներից: Գործե՜ր են հարուցում: Իսկ ո՞վ է գործ հարուցելու կամ թեկուզ հարցնելու Փաշինյանին՝ ո՞ւր են համայն հայության նվիրատվություններով կառուցված Արցախի ճանապարհները, ո՞ւր են Արցախի գործարանները, ագարակները, ձեռնարկությունները, տները, շենքերը, մարդկանց ինչքը, ո՞ւր են փոքր ՀԷԿ-երը, ո՞ւր է Սարսանգի ջրամբարը, ո՞ւր են էլեկտրահաղորդման գծերը, գազատարը, ջրամատակարարման համակարգերը, ո՞ւր են խաղողի ու նռան այգիները, ո՞ւր են հացահատիկի դաշտերն ու արոտավայրերը, ո՞ւր են անտառներն ու լեռները, ո՞ւր է տարածաշրջանում աննախադեպ հիվանդանոցը, ո՞ւր է Շուշին, Հադրութը, Ստեփանակերտը…
Ո՞ւր են Արցախի եկեղեցիները, ո՞ւր են համահայկական սրբավայրեր Ամարասը, Դադիվանքը, Գանձասարը: Ո՞ւր է Տիգրանակերտը: Ո՞ւր է, ընդհանրապես, Արցախը… Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են հանձնել թշնամուն, ուրացել Արցախն ու հայտարարել թշնամապատկան տարածք: Ու հիմա այդ նույն իշխանությունը որևէ արցախցուց թեկուզ մեկ ծեղի պահա՞նջ ունի: Ահռելի «ջաղացը» հանձնել են թշնամուն, եկել ու իրենց իսկ մեղքով հայրենազրկված մարդկանցից «չախչախի» հաշիվ են ուզում: Ինչպես ասվում է՝ «խելքի աշեցեք»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հանքավանում շաբաթ օրը տեղի ունեցած ՔՊ քաղաքական ժողովից հետո բարձրաստիճան ՔՊ-ականների անդորրը խախտվել է։ Նիկոլ Փաշինյանը ժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ մինչեւ 2026-ը՝ մինչեւ համապետական ընտրությունները, կադրային փոփոխություններ է անելու, որովհետեւ թիմում կան մարդիկ, որոնց Հայաստանի հպարտ քաղաքացիները, մեղմ ասած, տանել չեն կարողանում։ Դա ասել է ուժեղ թիմ ունենալու համատեքստում, շեշտել, որ այդ ընտրություններին ամեն գնով պետք է 50+1 ձայն ստանանք։ Նա, բնականաբար, անուններ չի հնչեցրել՝ թիմում մեծ լարվածություն մտցնելով։ Ներկաները միմյանց են նայել, փորձել գուշակել, թե ում նկատի ունի «շեֆը», ովքեր են լինելու մատաղացու գառները։
Իշխանական թիմում մի քանի օր է՝ խոսում են, որ անակնկալներով լեցուն 2 տարի է իրենց սպասվում։ Հանուն իշխանության վերարտադրության եւ ՔՊ-ի նկատմամբ վստահության բարձրացման, Փաշինյանը նոր քայլեր է մտածելու, դրանցից ամենաաշխատողն արյան ծարավ ամբոխին զոհեր մատուցելն է, իսկ, որպես կանոն, «զոհաբերում» են ամենանվիրվածներին։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը մնացել է իրավապահ համակարգի կոկորդին։ Գլխավոր դատախազությունը կգնա մինչեւ վերջ ու կալանավորման հարցը կտանի Վճռաբեկ դատարան։
Նշենք, որ երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը եւս մերժեց դատախազության բողոքը՝ Հրաչյա Ղեւոնդյանի կալանավորման մասով։
Գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել էր հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը եւ դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչը եւս գործը կալանքի չտարավ, քանի որ հիմքեր չկային:
Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։
Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը Սպիտակցի Հայկո անունով հայտնի երգիչ Հայկ Ղեւոնդյանի որդուն. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. «Ստեղ մի ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պիտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր պահես»:
Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղեւոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաեւ հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը:
Ղեւոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որեւէ մտադրություն չի ունեցել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հրապարակ»-ը մի քանի օր առաջ ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետ Արմեն Գասպարյանին եւ մի քանի այլ ՊՊԾ-ականների՝ իտալական հեծանիվների Bianchi թանկարժեք խանութում հեծանիվ ընտրելիս: Բանն այն է, որ Փաշինյանը մտադիր է երկար բեմադրել հեծանվային թատերական ներկայացումը, ուստի ՊՊԾ աշխատակիցներին հրահանգվել է հեծանիվներ գնել, որ Փաշինյանի կողքից հեծանիվ վարելով՝ ապահովեն նրա անվտանգությունը։ Իսկ հեծանվային շոուն մի նպատակ ունի՝ ժողովուրդը պետք է հավատա, որ Փաշինյանը չի վախենում փողոց դուրս գալուց եւ իր երկրում հեծանիվ վարելուց: Նրա հետ հեծանիվ են վարում, փաստորեն, նրա անվտանգության աշխատակիցները, Հեծանվորդների ֆեդերացիայի անդամներ՝ ֆեդերացիայի նախագահի հետ, եւ ցածր օղակներում աշխատող մի քանի ՔՊ-ական: Երբեմն լուսանկարներում հայտնվում են նաեւ տարեց մարդիկ, որոնք կա՛մ որեւէ խնդրանքով են առավոտ շուտ գնում դաչաներ, կա՛մ Փաշինյանի հետ լուսանկարվելու համար:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում