Շառլ Միշելը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին
Նմանատիպ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը: Պատճառն այն է, որ պատերազմից հետո տարածաշրջանում կրկին լարվածությունը մեծանում է: Այս մասին գրում է Politico-ն, նշելով, որ Շառլ Միշելը նամակ է գրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին:
Նա կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, ջանքեր գործադրել կնճռոտ հարցերին վերջնական լուծում տալու ուղղությամբ և ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագիրը։
Պարբերականի փոխանցմամբ՝ չնայած Միշելի հետ հանդիպումներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չկարողացան Մեծ Բրիտանիայում ընթացող Եվրոպական քաղաքական համայանքի գագաթնաժողովի շրջանակում միասին բանակցելու հնարավորություն գտնել, ընդ որում երկու կողմերն էլ մատնացույց էին անում միմյանց՝ որպես հանդիպմանը դեմ հանդես եկող երկիր, ինչն էլ Բրյուսելում հիասթափության պատճառ է դարձել:
«Վերջիվերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն խաղերը և կնքեն գործարքը, քանի որ նախագահ Միշելն արել է ԵՄ-ի կողմից հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության պայմանագրին հասնելու համար», – Politico պարբերականի հետ զրույցում նշել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկը, որը գերադասել է մնալ անանուն: