Ստիպում են ետին թվով թղթեր ստորագրել, ոչ մի ցուցմունք չեմ տվել, բոլոր ստորագրություններս կեղծել են. Ռուբեն Վարդանյան

Ստիպում են ետին թվով թղթեր ստորագրել, ոչ մի ցուցմունք չեմ տվել, բոլոր ստորագրություններս կեղծել են. Ռուբեն Վարդանյան

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը․

(փոխանցվել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում)

16 հունվարի,  2025թ.

«Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է  մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում:

Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում,  23-ը՝ պատժախցում: Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին ճշմարտությունը ձեզ հասցնելու բոլոր այլ միջոցները:

Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:

Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է  բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:

Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված,  ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին:

Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:

Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:

Ես նորից եմ հայտարարում ու պնդում  իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը:

Չնայած մեր անմեղությանը և գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը և  կսկսեն դատավարությունը:  Այս պարագայում  ես խնդրում և պահանջում եմ ձեզնից  աջակցել իմ հետևյալ պահանջներին՝

Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:

Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները:  Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել,  քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:

Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ:  Իմ՝ 422 հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են:  Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ  առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է։

Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ  են խախտում:

Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն  ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ,  կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:

Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք: Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը  առանց բռնության, ճշմարտության և սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից  կամ դավանանքից:

Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ և երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:

Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում