Ուժեղացվածից անցնում ենք արտակարգ ռեժիմի. կանգնել ցանկացած քաղաքացու կողքին. Ոստիկանապետ (տեսանյութ)

Ուժեղացվածից անցնում ենք արտակարգ ռեժիմի. կանգնել ցանկացած քաղաքացու կողքին. Ոստիկանապետ (տեսանյութ)

Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների վերակարգերն ավանդույթի համաձայն շարվել էին ստուգատեսի:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական օրերին մայրաքաղաքում պարեկային ծառայություն իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի ապահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերի տոնական ծառայության առանձնահատկություններին:

Վերակարգերը գործելու են շուրջօրյա՝ ապահովելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրաքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական և ժամանցի վայրերում, փողոցներում ու հրապարակներում:

Ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսևորվի հատկապես հարբած վարորդների նկատմամբ. կարգազանցները կենթարկվեն պատասխանատվության, ոստիկանական վերակարգը ուղևորներին կուղեկցի տուն, իսկ մեքենաները կտարվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Տոնական ծառայության նպատակը երևանցիների ու քաղաքի հյուրերի անվտանգության ապահովումն է:

Ոստիկանությունն ակնկալում է նաև համաքաղաքացիների օգնությունն ու օժանդակությունը:

Միասնաբար անենք ամեն ինչ՝ անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար և անկորուստ ու ապահով մտնենք նոր տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում