Կապանի աշխատանքի տոնավաճառում 120 թափուր աշխատատեղ է ներկայացվել

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության կողմից հանրապետության տարբեր քաղաքներում կազմակերպվող աշխատանքի տոնավաճառներից վերջինն անցկացվեց նոյեմբերի 28-ին, Կապանի «Լեռնագործ» հյուրանոցում:

Պետական մակարդակով կազմակերպվող ամենամյա այս միջոցառման նպատակը գործազրկության մակարդակի նվազեցումն է: «Կարծես ավանդույթ է դառնում ամեն տարի Սյունիքում աշխատանքի տոնավաճառ կազմակերպելը, որը, կարծում եմ պետության ուշադրության արտահայտումն է այս տարածաշրջանի նկատմամբ», – տոնավաճառի բացման խոսքում ասաց գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:

Տոնավաճառի հյուրերն էին Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: «Հուսանք, որ նման միջոցառումներն ավելի հաճախակի կկազմակերպվեն Կապանում, ինչի արդյունքում շատ գործազուրկներ աշխատանք կգտնեն, եւ մեր քաղաքում գործազրկության մակարդակը նկատելիորեն կնվազի. դա շատ կարեւոր պայման է համայնքի առաջընթացի համար», – ասաց Կապանի քաղաքապետը:

Տոնավաճառին ներկայացել էր տարածաշրջանի 28 գործատու՝ շուրջ 120 թափուր աշխատատեղով: Մասնավորապես, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ ներկայացել էր ամենաշատ՝ 17 թափուր հաստիքով: Կային նաեւ բժշկի, բուժքրոջ, հաշվապահի, դասախոսի, ուսուցչի, դերասանի, վարորդի, կարող բանվորի, հավաքարարի եւ այլ թափուր աշխատատեղեր: Տոնավաճառում, գործատուների տաղավարից բացի, գործում էր նաեւ զբաղվածության պետական գործակալության տաղավարը, որի մոտ աշխատանք փնտրողները կարող էին ծանոթանալ նաեւ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական մյուս ծրագրերին, իսկ գործատուները՝ տեղեկանալ այն արտոնյալ պայմաններին, որ պետությունը առաջարկում է նրանց՝ իրենց մոտ նոր աշխատողներ ներգրավելու դեպքում:

Միջոցառմանը Մանգասարյանը շնորհակալագրեր հանձնեց կապանցի որոշ գործատուների, ովքեր տարիներ շարունակ համագործակցում են զբաղվածության Կապանի տարածքային կենտրոնի հետ:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Կապանի մշակույթի կենտրոնի պարային համույթները:

Գոհար Իսախանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում