Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու Սերժ Սարգսյանի քայլը կշռադատված էր ու դեպի ապագան նայող. Գոչունյան

Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու Սերժ Սարգսյանի քայլը կշռադատված էր ու դեպի ապագան նայող. Գոչունյան

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ հայկական հարցի վերաբերյալ քննարկումները, բնականաբար, ավելի մեծ թափ են ստանալու ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի շրջանում: Սակայն այդ քննարկումները դեռևս երաշխիք չեն, որ խնդրում մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը որևէ դրական տեղաշարժ կամ բեկում տեղի կունենա: «Արմենպրես»-ն այս հարցերի շուրջ զրույցել է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ժամանակ» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ` փորձելով հասկանալ թեմայի վերաբերյալ նրա կարծիքներն ու տեսակետերը:

-Վերջին ամիսների ընթացքում մի շարք թուրք մտավորականների այցը Հայաստան ցույց տվեց, որ թե՛ հայկական, թե՛թուրքական կողմում կա միմյանց հասկանալու և հասկացվելու լուրջ խնդիր: Ըստ Ձեզ, ի՞նչը կարող է օգնել այս խնդիրը փոքրիշատե կարգավորելուն:

-Եթե մեկ բառով պատասխանեմ՝ ժամանակը: Այս խնդրահարույց հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է լուրջ քաղաքական կամք: Եվ այդ կամքը պետք է լինի պետական մակարդակի վրա, որպեսզի կարգավորման գործընթացը շատ ավելի ամուր հիմքերի վրա լինի: Իսկ քանի որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները ոչ միայն բնականոն չեն, այլև դրանց վրա են բարդված ցյուրիխյան ձախողված արձանագրությունները և խորացված է անվստահության մթնոլորտը, այսօր պետությունների կողմից նախաձեռնություն վերցնելու հնարավորությունը սահմանափակ է: Այս պայմաններում գործընթացն առաջ է գնում առավելապես հասարակակական հարթության վրա, որը, բնականաբար, կարող է ողջունելի դրսևորումներ ունենալ, բայց մենք պետք է համաձայնենք, որ հասարակակական երկխոսությունը չի կարող փոխարինել պետությունների միջև եղած հարաբերությունները: Այս պայմաններում Թուրքիան 3 առանցքների շուրջ է տանում իր գործունեությունը: Մեկը սփյուռքահայության հետ աշխատանքն է, որը տեղի է ունենում անհատների կամ որոշ կառույցների շփման միջոցով: Մյուսը Հայաստանն է, սակայն այդ առանցքի վրա Թուրքիան իր նախաձեռնությունների թափը իջեցրել է, քանի որ այդ առանցքը դիտարկում է տարածաշրջանային ամբողջի մեջ, իսկ ԼՂ հակամարտությունը Թուրքիայի տեսակետից զսպիչ գործոն է հայկական հարցում: Եվ կան նաև Թուրքիայի հայկական արմատներով քաղաքացիների նախաձեռնությունները: Նաև շոշափելի փաստ է, որ Թուրքիայի Հանրապետությունում հայկական ազգային հաստատությունների նկատմամբ պետական վերաբերմունքում դրական տեղաշարժեր են լինում, Թուրքիայում հայկական ճարտարապետական, մշակութային ժառանգությունը, այս տարածքում հայերի պատմական ներկայությունն ավելի են շեշտադրվում: Այս առանցքների շուրջ Թուրքիան փորձում է հասարակական երկխոսության մակարդակով որոշ քայլեր անել: Վերջին տարիներին Թուրքիայում սկսեցին ապրիլքսանչորսյան ոգեկոչումները, թուրքական հասարակությունում ավելի մեծ հնչողություն ստացան հայկական հարցի վերաբերյալ այլընտրանքային մոտեցումները, որոնք տարբերվում են պաշտոնական գաղափարախոսությունից բխած պատմության մատուցած տվյալներից: Ամենավառ քայլը, որ 2015-ին ընդառաջ արեց թուրքական պետությունը, անցյալ տարի ապրիլի 24-ից մեկ օր առաջ այդ ժամանակվա վարչապետ, ներկայիս նախագահ Էրդողանի ցավակցական ուղերձն էր: Մենք այդ ցավակցականի արձագանքներից կարող ենք չափել կողմերում տիրող մթնոլորտը: Հարցը թուրքական կողմից դիտարկելիս դա մեծ քայլ էր, որովհետև ի վերջո Թուրքիան իր լրիվ ուրացողի դիրքերը գոնե տարբերվող բանաձևմամբ ճկունացնելու ազդանշան տվեց: Իսկ մեդալի մյուս կողմն այն էր, թե այդ ցավակցությունն ո՞ւմ էր հասցեագրված: Հայությունը չբավարարվեց այդ երևույթով:

-Այսինքն, Դուք անկեղծ համարո՞ւմ եք այդ ցավակցական ուղերձը: Գուցե այդ «համընդհանուր ցավի» գաղափարը, որն Էրդողանն առաջ քաշեց իր ուղերձում, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի թուրքական նոր, ձևափոխված տարբերա՞կն է:

-Կարծում եմ, որ մի կողմից ճիշտ չի լինի ցանկացած ցավակցություն անկեղծության իմաստով փորձաքարի առաջ կանգնեցնելը: Սակայն մյուս կողմից էլ պետք է իմանանք, որ ցավակցությունը գալիս է պետության կողմից և բնականաբար պետությունը տվյալ պահին իր քաղաքական շահերից, իր առաջնահերթություններից հրաժարված չէ և նման քայլ կատարում է հենց այդ կոնտեքստում: 2015-ին ընդառաջ շարունակվում է միմյանց անհաղորդ պայմաններում փոխադարձ նախաձեռնությունները: Եվ եթե հաշվի ենք առնում այս ամենը, ապա տեսնում ենք, որ 2015-ին բեկումնային բանի հասնելու հեռանկար չկա: Այդ բեկումի համար պետք է մի քիչ էլ համբերատար լինել:

-ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս մայիսին հայտարարեց, որ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվեր օգոստոսին կայանալիք ընտրություններում, 2015 թվականի ապրիլի 24-ին հրավիրում է Հայաստան: Ի՞նչ եք կարծում, 2015 թվականի ապրիլի 24-ին, թեկուզև ոչ նախագահական մակարդակով, Թուրքիայից որևէ բարձրաստիճան պաշտոնյա կայցելի՞ Հայաստան:

-Շատ կառուցողական և կշռադատված նախաձեռնություն էր Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: Շատ դիպուկ ձևով արտահայտվեցին Հայաստանի խաղաղամետ տրամադրությունները, այն, թե Հայաստանի պետականությունը որքան է կարևորում երկու հարևանների համակեցությունը և որ հայացքն ուղղված է դեպի ապագան: Ցյուրիխյան արձանագրությունների ձախողումով անդամալուծված պետական հարաբերությունները թափ տվեցին հասարակական երկխոսությանը: Բայց քանի որ անկարելի էր նման կերպ փոխարինել պետական հարաբերությունները, հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը պետական առանցքից փոքր-ինչ շեղված էր: Այդ շեղումը հայտնի դարձավ հենց Էրդողանի հրապարակած ցավակցականի արձագանքներից: Պետության գլխավոր դեմքն ասեց մի բան, որին հայկական աշխարհից շատ արձագանք եկավ, ինչը, սակայն, չուներ համապատասխան մակարդակ: Եվ հանկարծ հնչեց ՀՀ Նախագահի կարծիքը, ով շատ պրագմատիկ ձևով առաջարկ արեց: Նախագահն իր այդ արածով կարևորեց գործնականությունը, քանի որ հայ-թուրքական հարաբերություններում խոսքի մակարդակով արտահայտված է ցանկացած դրական պատգամ, բայց գործը պակասում է: Սերժ Սարգսյանը մատը դրեց գործնականության վրա: Եվ ի վերջո Էրդողանի ցավակցականի պատասխանն ակամա համարվեց իր ասածը և Նախագահն իր այդ քայլով ապահովեց, որ հայ-թուրքական հարաբերություններն իրենց շեղված պետական առանցքին վերադառնան: Ընդառաջ կգնա՞ թուրքական կողմը, թե չի գնա՝ նման կանխատեսում անելու համար դեռ վաղ է: Արտգործնախարար Նալբանդյանը Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ նախագահին հանձնեց այդ հրավերը, որն այժմ Էրդողանի աշխատասեղանի վրա է: Տարեմուտի միջավայրը շնչելուց, հայկական կողմի նախաձեռնությունների մեկնարկի ազդեցությունը տեսնելուց, միջազգային ընտանիքի վերաբերմունքին վերահասու դառնալուց հետո միայն թուրքական կողմը կկողմնորոշվի՝ ընդառաջ գնալ այդ հրավերին, թե ոչ, և եթե գնալ, ապա ինչ մակարդակով:

-Ցանկացած պետություն ավելի ուժեղ է դառնում սեփական պատմության հետ առերեսվելու միջոցով: Դրա վառ օրինակն է Գերմանիան, որը ճանաչեց հրաների Հոլոքոստը: Սակայն Թուրքիան մինչ օրս չի ցանկանում գնալ այդ քայլի: Ըստ Ձեզ՝ ի՞նչից է վախենում Թուրքիան, գուցե իրավական փոխհատուցո՞ւմն է, որ զսպում է թուրքական պետությանը:

-Կարծում եմ՝ իրերի դրվածքը բոլորովին տարբեր է: Թեպետ միջազգային փորձը ցույց է տալիս այդպիսի նախաձեռնությունների երկարաժամկետ օգուտների մասին, սակայն այդ պահի հասունացման հանգամանքները կարող են տարբերվել: Թուրքիայի համար չկա այդպիսի պահի հասունացում: Արևմտյան աշխարհի փորձառությունն օգտակար է, բայց չպետք է մոռանալ, որ նրանք էլ ունեն կրկնակի ստանդարտներ: Մենք պետք է ունենանք այն գիտակցությունը, որ այս գործընթացը պետք է հասունանա մեր տարածաշրջանի և հարևանության ուրույն գործոնների պայմաններում: Փորձը ցույց է տվել, որ երրորդ կողմի ճնշումները Թուրքիայի վրա բացարձակ ազդեցություն չեն գործում հայկական հարցում քաղաքականության ճկունացման կամ վերանայման տեսանկյունից: Թուրքիան իր կողմից ինչ-որ քայլեր անում է, որոնք հայկական կողմի համար կարող են լինել անբավարար, սակայն նման քայլերի գնում է, երբ զգում է իրեն ամուր դիրքերի վրա:

Միայն ցամաքից պետությունն ունի 7 հարևան՝ չհաշված ծովային հարևանները, հետևաբար Թուրքիան իր առջև դրված ցանկացած խնդրահարույց պահանջի ժամանակ սակարկելու անսահամափակ հնարավորություն ունի: Մենք պետք է խոսենք հնարավորինս հաշվի առնելով երկու պետությունների կշիռը: Բացի այդ, այս տարածաշրջանն այսօր աշխարհի տարբեր գերտերությունների շահերի բախման շրջան է: Այս ամենը գործոններ են, որոնք պետք է հաշվի առնել: Կարծում եմ, պետք է մի քիչ համբերատար լինել:

-Վերջերս Էթյեն Մահչուփյանը մի հարցազրույց էր տվել, որտեղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Որքանո՞վ եք ճիշտ գնահատում վարչապետի ազգությամբ հայ խորհրդականի նման հայտարարությունը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հարցով պայմանավորելը՝ մի հարց, որն առհասարակ չպետք է լինի հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում:

-Թերևս այդ պատասխանատվության մակարդակի վրա հայկական արմատներն այդքան էլ առաջնային չեն: Պետք է հաշվի առնել շատ ուրիշ հանգամանքներ: Մահչուփյանն այնպիսի տեսաբան է, ով վերջին 20-25 տարիներին Թուրքիայի պաշտոնական գաղափարախոսությունը շատ հանգամանորեն հարցաքննել է, և եթե այսօր ասում ենք, որ հայկական հարցը դադարել է տաբու լինել Թուրքիայում, Մահչուփյանն էլ իր լուրջ դերակատարությունն ունի այդ գործում: Գուցե Դուք կարող եք այդ դերակատարությունը ոչ բավարար համարել, բայց նա հայկական հարցի վերաբերյալ հանգամանորեն տիրապետում է պաշտոնական գաղափարախոսության մատուցած պատմությունից տարբերվող տվյալների և դրանք բարձրաձայնում է հասարակության մոտ: Երևանի պաշտոնական դիրքորոշումն այնպիսին է, որ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում տեղ չունի ԼՂ հակամարտությունը, սակայն քանի որ հարցերը միակողմանի չեն, չենք կարող անտեսել, որ Թուրքիայի կողմոնորշմամբ էլ այս հարցն առանցքային դերակատարում ունի: Եվ մեզ համար անակնկալ չէ այս երևույթը: Երկու հարևանների հարաբերություններն ունեն պրոբլեմատիկ օրակարգ, և դա խորանում է այն պատճառով, որ շատ խնդիրներում կողմերն ունեն հակադիր կեցվածքներ: Ամեն դեպքում երկու կողմերի տեսակետերն անտեսել հնարավոր չէ: Հարցն այն է, թե ինչպես դուրս գալ այդ փակուղուց: Մահչուփյանն ինձ տված հարցազրույցում ասաց, որ Թուրքիայի առաջնահերթություններում հայկական հարցն օրակարգային 3 խնդիրների մեջ չի մտնում: Միջին չափի հարցերի շարքում է: Այսօր չկան անհրաժեշտ պայմաններ այդ երևույթը փոխելու համար: Սակայն դա կարող է փոխվել, եթե հայկական կողմն այնպիսի նոր գաղափար մատուցի, որին Թուրքիան պարտավորվի արձագանքել: Այսինքն, այժմ այդ հարաբերությունների կարգավորման շուրջ արձանագրությունների ձախողմանը հաջորդած վստահության վերացման հաղթահարման փուլն է: Մահչուփյանի բանաձևմամբ՝ թուրքական կողմը 2015 թվականը դիտարկում է հայկական կողմի լիցքաթափման տարի և արդեն 2016-ին միայն ինչ-որ քայլ կարող է ձեռնարկվել:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում