Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ օծվել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին

Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ օծվել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին

Հովվապետական այցով Աբու Դաբիում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-ին այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ավանդական աղուհացի օրհնությունից հետո դեսպանատան պարտեզում տեղի է ունեցել ծառատունկ: Իր խոսքում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գևորգ Ղարիբջանյանը բարի գալուստ է մաղթել Նորին Սրբությանը: Դեսպանն անդրադարձել է Արամ Ա. կաթողիկոսի ազգանվեր գործունեությանն ու նշել, որ անձամբ է ճանաչում Վեհափառին 25 տարուց ի վեր, ինչպես նաև քաջածանոթ է նրա ազգանվեր գործունեությանն ու ձեռնարկներին:

Իր հերթին Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է և սրբազան վայր` իր հողով ու մշակույթով, իր արժեքներով և ձգտումներով: Ըստ Վեհափառի` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն իր թեմերով այս գիտակցությամբ ու հանձնառությամբ է շարունակում գործել: Արամ Ա կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել ԱՄԷ-ի և Կատարի հայերին` դեսպանության ծրագրերին աջակից լինելու համար: Բարձր գնահատելով դեսպանի և դեսպանության անձնակազմի աշխատանքը` Վեհափառն օրհնել է դեսպանությունը` իր բարեմաղթանքները հայտնելով դեսպանության ծրագրերի իրագործմանը:

Դեկտեմբերի 12-ին հանդիսավոր պայմաններում կաթողիկոսն օծել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Օծման արարողությանը ներկա են եղել ԱՄԷ-ում բոլոր քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նույն օրը` երեկոյան, Աբու Դաբիի «Սենթ Ռեջիս» հյուրանոցում տեղի է ունեցել ընդունելություն` Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում