Կովկասյան ազնվացեղ եղջերուն կվերաբնակեցվի Դիլիջանի անտառներում

Կովկասյան ազնվացեղ եղջերուն կվերաբնակեցվի Դիլիջանի անտառներում

Հաջորդ տարի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կստեղծվի 10 հեկտար տարածք զբաղեցնող արգելավայր, որտեղ Ռուսաստանից և, գուցե, Վրաստանից բերվեն ազնվացեղ եղջերուների 14 առանձնյակներ՝ 3-4 արու, մնացածը` էգ: Այս մասին «Արմենպրես»-ին տրված հարցազրույցում առավել մանրամասն տեղեկացրեց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

-Պարոն Մանվելյան ինչո՞վ է պայմանավորված ձեր այս նոր նախաձեռնությունը. ի՞նչ նշանակություն ունի կենդանատեսակը Հայաստանի բնաշխարհի համար:

-Մութ տարիներն անտառահատումներով և որսագողությամբ վերացրել են ազնվացեղ եղջերուին: Բնակիչները ասում են, որ երբեմն տեսնում են դրանց, սակայն մեր հետազոտությունները ոչ մի հետք չեն հայտնաբերել: Արգելավայր տեղափոխված առանձնյակների ձագերին համեմատաբար հասուն տարիքում (4-5 տարեկանում) կհագցնենք ռադիո վզնոցներ և բաց կթողնեք բնություն: Սակայն, երբ այդ եղջերուները բազմանան, նրանց Դիլիջանի ազգային պարկի տարածքները բավարար չեն լինի: Այդ նկատառումներով մենք ծրագրում ենք մոտակայքում գտնվող Գանձաքարի և Իջևանի պահպանվող տարածքները իրար միացնել: Դիլիջանի ազգային պարկում ազնվացեղ եղջերուի վերականգնման ծրագիրը ֆինանսավորում են KFW բանկը, «Օրանժ-Հայաստանը», ինչպես նաև HSBC-ն:

-Վերջերս ավարտին մոտեցավ անտառների տրանսֆորմացիայի ծրագրի դաշտային փուլը, ինչպե՞ս կգնահատեք կատարված աշխատանքները:

-Անտառի տրանսֆորմացիայի ծրագիրը պաշտոնապես կավարտվի հաջորդ տարի մարտին, սակայն դաշտային աշխատանքները արդեն ավարտել ենք: Մոտ 150 հա տարածքում, որտեղ խորհրդային տարիներին սոճիներից ստեղծված մոնոանտառ էր, փորձեցինք ստեղծել խառը անտառ՝ տնկելով լայնատերև ծառեր, վերջիններս ավելի մոտ են մեր կլիմայական պայմաններին և հույս ունենք, որ մի քանի տարի հետո անտառը կսկսի ձևափոխվել: Սա կարևոր է` և կլիմայի առումով, և կենսաբազմազանության առումով, քանի որ որքան արհեստական անտառը մոտ է բնականին, այնքան կենդանիներն ու բույսերը համապատասխան անտառում սկսում են ապրել ու աճել:

-Ավարտելով վերոհիշյալ ծրագիրը, ինչպիսի՞ այլ ծրագիր եք պատրաստվում իրականացնել Հայաստանում անտառներին սատարելու համար:

-Հաջորդ տարի սկսելու ենք «Հայանտառ»-ի հսկողության տակ գտնվող տարածքների բարելավման աշխատանքը՝ մասնավորապես 14 արգելավայրերում, որոնք գոյություն ունեն միայն թղթի վրա: Այս ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում, երեք արգելավայրերի օպտիմալացում կատարելով, պետք է միացնենք իրար՝ դարձնելով մեկ ընդհանուր արգելավայր: Միաժամանակ, այդ տարածքներում կստեղծվի համապատասխան պահպանության ռեժիմ՝ կտեղադրվեն արգելափակոցներ, տեղում կաշխատեն ռենջերներ, ովքեր կունենան մեքենաներ և հնարավորություն կունենան ավելի լավ հսկել տարածքները՝ կանխելո վ անտառահատումները:

-Ի՞նչ չափորոշիչներով եք ընտրում թե Հայաստանի որ հատվածում եք իրականացնելու աշխատանքներ:

-Մեր կազմակերպությունը հիմնականում կենտրոնացած է Հայաստանի հարավային հատվածում՝ սկսած Խոսրովի արգելոցից մինչև Մեղրի, քանի որ այնտեղ են հովազը, հայկական մուֆլոնը, նաև այդ հատվածը խոշոր կաթնասուների արգելավայր է: Սակայն մենք աշխատում ենք նաև Հայաստանի այլ հատվածներում:

-Հաճախ տեղեկանում ենք անտառներում ապօրինի անտառահատումների մասին, ձեր ծրագրերում կա՞ն աշխատանքներ, որոնք կնպաստեն անտառահատումների դեմ պայքարին:

-Արգելավայրերի կառավարման հարցում «Հայանտառ»-ին օգնելու նպատակով մենք պատրաստվում ենք հզորացնել նորաստեղծ պահպանվող տարածքների բաժինը՝ ապահովելով նրանց հատուկ սարքավորումներով: Ինչի շնորհիվ ավելի հեշտ կլինի զբաղվել հատուկ պահպանվող տարածքների կառավարմամբ: Իրականացնելու ենք նմանատիպ ծրագիր Տաթևի տարածքում: Նախ բարելավելու ենք Սատանի կամրջին հարող տարածքները՝ մաքրելով այն աղբից, բարեկարգելու ենք և ստեղծելու կառավարման մարմին՝ պահակներով, ովքեր հսկելու են տարածքները: Սակայն, մինչ այդ, բնության պահպանվող այս տարածքը պետք է կառավարության կողմից ստանա իր համապատասխան անձնագիրը, որպես կառավարության կողմից վավերացված բնության հատուկ պահպանվող տարածք, և դրանից հետո մենք կկարողանանք իրականացնել մեր աշխատանքը:

-Վայրի բնության զարգացման և պահպանման աշխատանքներից բացի, ձեր շատ ծրագրեր իրենց մեջ ներառում են տեղի բնակչության կյանքի պայմանների բարելավումը: Հաջորդ տարի ինչպիսի՞ նմանատիպ աշխատանք եք ծրագրում իրականացնել:

-Նաև այս տարի ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի և Բնապահպանության նախարարության հետ համատեղ հատուկ պահպանման տարածքների ստեղծման ծրագրի շրջանակներում Զարգեզուրում ստեղծեցինք «Խուստուփ» արգելավայրը և «Գնիշիկ»` համայնքային կառավարվող բնության հատուկ պահպանվող տարածք: Վերջինը գտնվում է Նորավանքի մոտակայքում, և այնտեղ ստեղծել ենք այցելուների կենտրոն, հյուրատուն, տուրիստական արահետներ, տեղի համայնքների հզորացման նպատակով աշխատանքներ ենք տարել, որպեսզի բնակչության իրավիճակն ավելի լավանա, որի արդյունքում նորաստեղծ արգելավայրը և մոտակա համայնքների բնակչությունը կկարողանան համահունչ զարգանալ: Ինչպես Հայաստանի բնակավայրերի մեծամասնությունում, այս տարածքում ևս արդիական է ջրամատակարարման խնդիրը, որի լուծման նպատակով հաջորդ տարի կիրականացնենք տեղի համայնքներում ջրի խողովակների վերականգնման նախաձեռնություն: Նաև տեղի բնակչության առաջարկով կառուցվելու է խանութ, որտեղ գյուղացիների կողմից ստեղծած մթերքները գեղեցիկ կփաթեթավորվեն և կդրվեն վաճառքի որպես էկոլոգիապես մաքուր արտադրանք:

Հարցազրույցը` Անահիտ Մինասյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում