Արցախցի քաղաքական գործիչները լավ են հասկանում ՀՀ քաղաքական կյանքի նրբությունները. Արման Մելիքյան

Արցախցի  քաղաքական  գործիչները  լավ  են  հասկանում  ՀՀ  քաղաքական կյանքի նրբությունները. Արման Մելիքյան

Ստացե՞լ է Ադրբեջանը ՌԴ-ից սահմանին լարվածությունը սրելու  քարտ բլանշ, ՀՀ ղեկավարության ռազմաքաղաքական  համարձակ քայլերը հայրենի դիվանագիտությունը միջազգային արենայում կարո՞ղ է անցկացնել, որքանո՞վ են ՀՀ-ի և ԼՂՀ-ի ներքին քաղաքականության կանոնները փոխկապակցված: Այս և այլ հարցերի շուրջ Times.amը զրուցել է  ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:

 

-Այս օրերին, հատկապես, սահմանին լարվածության սրացման ֆոնին, դարձյալ ակտիվացան այն խոսակցությունները, որ հրադադարի պայմանագիրը խայտառակ փաստաթուղթ էր, որտեղ անգամ պատժամիջոցներ չկան խախտման դեպքում: Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր էր ունենալ առավել  շահավետ պայմանագիր, թե սա էլ հեշտ չի տրվել:

-Պետք չէ շփոթել հրադադար հաստատելու վերաբերյալ արձանագրությունը միջպետական համապարփակ խաղաղության համաձայնագրի հետ: Լավ թե վատ՝ հրադադարի ռեժիմն ավելի քան քսանմեկ տարի է, ինչ պահպանվում է: Այլ հարց է, արդյոք կարող էին հայկական կողմերն այն ժամանակ շարունակել պատերազմն ու իրենց նախընտրած պայմաններով խաղաղություն պարտադրել հակառակորդին: Այս դեպքում անհրաժեշտ է ընդգծել, որ հայկական կողմից երկու ստորագրություն էր դրվել փաստաթղթի տակ, ինչը նշանակում է, որ ոչ միայն պաշտոնական Երևանն էր համաձայնել դրան, այլ նաև Ստեփանակերտը:

Կարծում եմ, որ հրադադարի հաստատումը պարզապես հնարավորություն էր տալիս կողմերին հարցը լուծել առանց զենքի կիրառման, որից նրանք առայժմ չեն կարողացել օգտվել:

-Անցած տարվա օրինակով ադրբեջանական կողմից տարեսկզբից ձեռնարկվող սադրանքներն ու դիվերսիաները ՀՀ ղեկավարության՝ նախագահ, պաշտպանության նախարար, ստիպեցին բավականին հստակ և կոշտ հայտարարել, որ հանուն հրադադարի պահպանման  այլևս  չեն մտածելու «կարմիր գծերը» չխախտելու մասին և, որ ՀՀ-ն իրեն կանխարգելիչ հարվածների իրավունք է վերապահում: Ռազմաքաղաքական այս համարձակությունը հայկական դիվանագիտությունը կարո՞ղ է անհրաժեշտության դեպքում մարսել տալ միջազգային հարթակում և արդյո՞ք չպետք է նաև այս  դաշտում կոշտացման գնանք:

-Ես, անշուշտ, բարձր եմ գնահատում հայոց բանակի գործոնը, սակայն գտնում եմ նաև, որ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ճակատային գծում հանդիսանում է հայկական կողմերի քաղաքական ու դիվանագիտական պասիվության որոշակի բացթողումների հետևանքը:

Առաջին գծում լարվածությունը թուլացնելուն ուղղված քաղաքական, դիվանագիտական քայլեր էին անհրաժեշտ՝ մենք կարիք ունենք ոչ այնքան շփման գծի շրջանում ռազմական մարտավարության փոփոխության, որքան քաղաքական մոտեցումների վերանայման ու դիվանագիտական համարժեք նախաձեռնողականության:

-Վերջերս ադրբեջանցի փորձագետներից մեկն ակնարկեց, թե սահմանում լարման սրացման քարտ  բլանշ է Ադրբեջանը ՌԴ-ից ստացել և, որ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցումը փոփոխություն է մտցրել ոչ թե Հայաստան-ՌԴ, այլ ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում: Կա՞ նման բան, ո՞րն է դրդապատճառը, ի՞նչ փոփոխությունների մասին է  խոսքը:

-Տարօրինակ կլինի, եթե այս հարցում մենք ապավինենք ադրբեջանցի փորձագետների մասնագիտական բարեխղճությանը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ հստակ հասկանանք՝ Ռուսաստանի համար շատ կարևոր է վերականգնել սեփական ռազմական ներկայությունն Ադրբեջանում ու հանուն այդ նպատակի իրականացման նա կարող է հայկական կողմերին տարածքային զիջումների գնալու պահանջ ներկայացնել:

Իրանի հետ հարաբերությունների մակարդակը բավարար համարո՞ւմ եք, մի երկիր, որը  հաստատուն է  ԼՂ հարցում իր դիրքորոշման մեջ: Որոշ քաղաքագետներ ասում են, թե  պետք է ուժեղ ռազմական համագործակցություն ունենա Հայաստանն իր այս հարևանի հետ:

-Հայ-իրանական միջպետական հարաբերությունները հսկայական պոտենցիալ  ունեն, որը դեռ չի իրացված՝ այս ուղղությամբ շատ անելիքներ կան:

-2015-ը հայկական հարցի առումով յուրահատուկ տարի է, բավարար համարո՞ւմ եք հայկական կողմի քայլերն այս շրջանակում, կա՞ բավարար պահանջատիրություն և այն որքանո՞վ է  իրատեսական:

-Ցավոք,  Հայաստանում հաճախ են իրական քաղաքականությունը փոխարինում աղմկոտ ու անհետևանք քարոզչությամբ: Առայժմ չեմ տեսնում այնպիսի քայլեր, որոնք հայկական
հարցի լուծման  համատեքստում  հնարավոր կլիներ  քաղաքականություն կոչել:

2015-ի Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ֆոնին հայկական կողմի պահվածքը կարո՞ղ է ազդեցիկ լինել՝  ցույց տալու ոչ միայն մեր ով լինելը, այլև ամրապնդելու դիրքերը որպես պետություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների   շրջանակում և դաշնակիցների հետ հարաբերություններում:

-Հայոց Ցեղասպանության 100-ամյակը խորհրդանշական տարելից է, որը բացի մարդկությանը մեզ պատուհասած աղետի մասին հիշեցնելու հնարավորությունն ընձեռելուց, նաև առիթ է, որ մեկ անգամ ևս ազգովի մտածենք, թե ինչու և ինչում ենք թերացել, որ առ այսօր հանցագործը իրեն մեղավոր չի ճանաչել մեր ժողովրդի հանդեպ կատարած ոճիրի համար:

-Հայոց ցեղասպանության 100-ամյակը  և Գալիպոլիի ճակատամարտը ևս լակմուսի թուղթ են  լինելու՝ ցույց տալու, թե ում ենք հետաքրքիր: Այս տեսանկյունից լավ կամ վատ ի՞նչ սպասել, գուցե մեր կողքին լինեն նրանք, ումից չե՞նք սպասում, ինչպես կյանքում:  Աշխարհաքաղաքական շահերը, խաղերն ի՞նչ են հուշում:

-Աշխարհաքաղաքական գործընթացներն այնքան արագ են ծավալվում այսօր, որ մինչև ապրիլի քսանչորսը մնացած երկու-երեք ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել՝ կարող են հայտնվել նոր աջակիցներ, կարող են նաև թշնամանալ հին բարեկամները: Հայոց Ցեղասպանությունն այլևս միայն հայ-թուրքական հարաբերությունների հարց չէ՝ այն վաղուց դարձել է միջազգային քաղաքականության զինանոցի գործիքներից մեկը:

-Ի՞նչ պիտի անի իր հերթին Արցախի իշխանությունն անհանգիստ և բարդ գնահատված 2015-ին՝ արտաքին դաշտում և ներքին, քանի որ Արցախում խորհրդարանական  ընտրություններ են սպասվում մայիսին:

-Արցախի և՛ իշխանությունները, և՛ հանրությունը պետք է անեն հնարավորը, որպեսզի ներկայիս քաղաքական ու դիվանագիտական կաթվածահար ու անհաղորդ վիճակը հաղթահարվի:

 -Որքանո՞վ են ՀՀ-ի և ԼՂՀ-ի ներքին քաղաքականության կանոնները փոխկապակցված և ինչ տարբերություններ կան:

-Կա մի էական տարբերություն՝ արցախցի քաղաքական գործիչներն ու պետական ծառայողները լավ են հասկանում ՀՀ քաղաքական կյանքի նրբություններն ու առանձնահատկությունները, մինչդեռ մեզանում Արցախի կյանքին լավատեղյակ, հասարակության ներքին կապերն ու հարաբերություններն ապահովող գործոնները իմացող ու ընկալող քաղաքական, պետական, հասարակական կշիռ ունեցող անհատները եզակի երևույթ են:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում