Խաչաղբյուր-Գեղաքար ճանապարհի անցանելիությունն ապահովված է

Խաչաղբյուր-Գեղաքար ճանապարհի անցանելիությունն ապահովված է

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից փետրվարի 26-ին հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ տեղացած ձյան եւ բքի պատճառով Գեղարքունիքի մարզում փակվել է Վարդենիս-Գեղաքար միջհամայնքային ճանապարհը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, փակվել է ոչ թե Վարդենիս-Գեղաքար, ինչպես ասված է տարբեր ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության մեջ, այլ Խաչաղբյուր-Գեղաքար 5 կիլոմետր երկարության միջհամայնքային ճանապարհը, որի մոտ 4 կիլոմետրը ձյան եւ բքի հետեւանքով անացանելի է դարձել փետրվարի 25-ի երեկոյան ժամերից: «Կապավոր» ՍՊԸ ճանապարհաշինարարների կողմից երեկվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվել է մինչեւ 50 սանտիմետր հասնող ձյան շերտից մաքրել ճանապարհի մի հատվածը, իսկ այսօր արդեն ապահովվել է ճանապարհի անցանելիությունը: Խաչաղբյուր-Գեղաքար ճանապարհը ամբողջովին ասֆալտապատ է:

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում