Սումգայիթյան ջարդերը ցեղասպանական ակտեր էին. Լարիսա Ալավերդյան

Սումգայիթյան ջարդերը ցեղասպանական ակտեր էին. Լարիսա Ալավերդյան

Նախորդ դարի վերջին Ադրբեջանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած հայերի ջարդերը ցեղասպանական ակտեր էին, որոնք որևէ ձևով չեն տարբերվում Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Այս ամենին հստակ իրավական գնահատական տալու համար, ըստ բանախոսի, հայկական կողմին խանգարում է հստակ կոնցեպցիայի բացակայությունը, որը պետք է ձեւավորվեր այս տարիներ ընթացքում: «Այսինքն՝ պետությունը չի որդեգրել և չունի հստակ ձևակերպված մի կոնցեպտ, որով գոնե հաստատի այն, ինչ ժամանակին ասում էին միջազգային ատյանները»,-պարզաբանել է նա:

Ադրբեջանից բռնագաղթած հայերին ժամանակին տրվեց փախստականի կարգավիճակ. հետագայում նրանցից շատերը ստացան նաեւ քաղաքացիություն: Իրավապաշտպան Ալավերդյանը, սակայն, կարեւոր է համարում խոսել այն կարգավիճակի մասին, որը կհաստատեր նրանց՝ ցեղասպանական գործողությունների զոհ լինելու փաստը: Այսինքն՝ նրանք չունեն որեւէ փաստաթուղթ, որը կհաստատի, որ այդ մարդիկ սպանվել կամ բռնագաղթել են ազգամիջյան հողի վրա, ազգային պատկանելության համար: «Օրինակ, ասենք, Ավանեսյանները, Մելքումյանները, որոնց ընտանիքի անդամները սպանվել են, չեն համարվում այդ դեպքերի պատճառով զոհվածի ընտանիք: Այսինքն՝ համարվում է, որ այդ անձինք պարզապես մահացել են Սումգայիթում: Երբևէ չի ճշտվել, փորձ չի արվել նրանց տալ հատուկ կարգավիճակ»,-հստակեցրել է նա:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ ցանկացած անձ, ցանկացած ընտանիք, որ ունեցել է կորուստ, պետք է ստանա հատուկ կարգավիճակ և, սոցիալական պաշտպանվածության առումով, հավասարեցվի միանգամայն այլ կարգավիճակ ունեցողներին: Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ճանաչել այդ անձանց, ոչ թե պարզապես մահացած իրենց մահով, այլ ազգամիջյան դեպքերի հետեւանքով, ցեղասպանական գործողությունների ժամանակ, որպեսզի հետագայում կարողանան ունենալ ավելի բարձր աստիճանի սոցիալական պաշտպանվածություն: «Օրինակ՝ Արցախյան պատերազմին մասնակցած անձը, հետագայում հավասարեցվել է երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած անձի հետ: Եվ դա տալիս է սոցիալական պաշտպանվածության մեկ այլ աստիճան»,-նշել է նա: Արցախյան պատերազմի ավարտից հետո, Լարիսա Ալավերդյանի ղեկավարած կազմակերպությունն աշխատանքներ է տարել, որպեսզի Ազգային ժողովն ընդունի փաստաթուղթ՝ Ադրբեջանում տեղի ունեցածը ցեղասպանական ակտ որակելու համար: Իրավապաշտպանը ցավով նշել է, որ այդ ամենը դրական ավարտ չի ունեցել, բայց հույս է հայտնել, որ խորհրդարանը մի օր դրան կրկին կանդրադառնա: «Մինչեւ օրս ամեն ինչ արվել է քաղաքացիական հասարակության սուբյեկտների կողմից, բայց վստահ եմ, որ եթե իշխանությունը չստանձնի այսպիսի գործերի առնվազն համակարգումը, ապա այն չի ունենա համապատասխան գին ու արժեք»,-ընդգծել է Լարիսա Ալավերդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում