Գյումրիի կարգավիճակի փոփոխության հարցն են քննարկել Գյումրիում

Գյումրիի կարգավիճակի փոփոխության հարցն են քննարկել Գյումրիում

Գյումրի քաղաքի կարգավիճակի փոփոխության օրենսդրական նախաձեռնության հետ կապված հարցեր են քննարկվել մարտի 28-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ «Շիրակ» հայրենակցական միության ներկայացուցիչներին հանդիպման ընթացքում: Սամվել Բալասանյանը միության անդամներին՝ ղեկավար Վարազդատ Ավոյանի գլխավորությամբ, նախ ներկայացրեց վերջին երկու տարիներին Գյումրիում կատարված աշխատանքները, առկա իրավիճակը, խնդիրները և դրանց հետ կապված լուծման տարբերակները: Միության ղեկավար Վարազդատ Ավոյանն իր և միության անունից ողջունեց նախաձեռնությունը՝ վստահեցնելով, որ պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցել ծրագրի իրագործմանը: Իր հերթին միությունը ներկայացրեց իր առաջարկությունների փաթեթը՝ համաձայնելով այն մտքի հետ, որ Գյումրին առկա բյուջեով չի կարող լուծել տարիների կուտակված խնդիրները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գյումրիի ներդրումային միջավայրի, ենթակուցվածքների բարելավման և սոցիալ-տնտեսական, հատուկ տնտեսական գոտու տրամադրման հետ կապված և այլ հարցեր:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքի սոցիալական իրավիճակը և առկա բազում խնդիրները հաշվի առնելով դեռ փետրվարի 6-ին կայացած ավագանու հերթական նիստի ժամանակ ուղերձով դիմել էր համաքաղաքացիներին, որում նշված էր .«Իրավիճակն այնպիսին է, որ անհրաժեշտ է մարզային ու քաղաքային իշխանությունների, Ազգային ժողովի պատգամավորների, ավագանու անդամների, քաղաքացիական սեկտորի, հայրենակցական միությունների, մտավորականության և սփյուռքի մեր հայրենակիցներ համախմբված աշխատանքը: Խնդրի լուծումը տեսնում եմ Գյումրու նոր կարգավիճակի և ֆինանսավորման մեջ, ինչի հետ կապված անհրաժեշտ է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ»: Քաղաքապետն այս հարցի շուրջ արդեն նմանատիպ հանդիպում փետրվարի 26-ին ունեցել է ծնունդով շիրակցի և Շիրակի մարզից ընտրված պատգամավորների հետ:

Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում