Սրբադասումը հայ եկեղեցում. հայ եկեղեցու սրբերի թիվը 700 է

Սրբադասումը հայ եկեղեցում. հայ եկեղեցու սրբերի թիվը 700 է

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում սրբերի հիշատակության ավանդությունն սկսվում է 4-րդ դարից: Ըստ հայ պատմիչ Ագաթանգեղոսի` հայոց առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լուսավորիչը, համաձայն քրիստոնեական ավանդության, Հայաստանում նահատակված Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի գերեզմանների վրա կառուցել է հատուկ մատուռներ (վկայարաններ, որտեղ քրիստոնյաները հիշատ? ?կել են նահատակ կույսերին՝ հայցելով նրանց բարեխոսությունը):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այսօր Հայ եկեղեցու սրբերի թիվը շուրջ 700 է, իսկ ըստ Տոնացույցի՝ տոնելի սրբերի թիվը հասնում է 400-ի։ Հիշատակելի սրբերի հնագույն խումբն Աստվածաշնչյան սրբերն են (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ)։ Մյուս տոնելի խումբը համաքրիստոնեական սրբերն են, որոնց ընդհանուր թիվը կազմում է 189: Հայ առաքելական սուրբ եկեղեցին ցայսօր անփոփոխ կերպով տոնակատարում է 63 հայ սրբերի հիշատակը:

Հայ եկեղեցու սրբեր են համարվում հավատքի համար նահատակվածները, անձինք, որոնց կենդանության օրոք կամ մահվանից հետո տեղի են ունեցել հրաշագործություններ, հավատքի տարածման, եկեղեցու ուղղափառ դավանանքի պաշտպանության և Աստծու խոսքի բացառիկ քարոզիչները, սրբակենցաղ անձինք:

Հայ եկեղեցու ամենահայտնի սրբերից են առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով նաև համաքրիստոնեական սուրբ է համարվում, 5-րդ դարում հանուն հավատքի և հայրենիքի նահատակված Սբ Վարդանանք, Սբ Գրիգոր Նարեկացին (10-րդ դար), Սբ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (12-րդ դար) և այլք:

Պատմության ընթացքում, սակայն, Հայ եկեղեցու սրբադասման կամ սրբերի կանոնականացման հատուկ գործընթաց չի պահպանվել: Միաժամանակ, ըստ ուսումնասիրությունների, սուրբ են նկատվել իրենց կենդանության կամ մահվանից հետո ժողովրդի կողմից լայն ճանաչում ձեռք բերած, ժողովրդական բարեպաշտության և հարգանքի միջոցով ճանաչված անձինք, որոնց նշխարները մեծարվել են, գերեզմանները դարձել ուխտատեղիներ, իսկ մահվան կամ նահատակության օրը նշվել է որպես ուրախության տարեդարձ։ Եկեղեցու բարձրագույն իշխանության՝ կաթողիկոսական հրահանգով կամ կոնդակով, նրանց անունները հռչակվել են տարեկան տոնի սահմանումով կամ տոնացույցում ընդգրկվելով։

Ըստ ավանդության`հայազգի առաջին սուրբը հանուն հավատքի նահատակված Սանդուխտ կույսն է, ով հայոց Սանատրուկ արքայի դուստրն էր (1-ին դար): Վերջին տոնելի սրբերը, ովքեր ընդգրկվել են հայոց տոնացույցում, Սուրբ Հովհան Որոտնեցի և Սուրբ Գրիգոր Տաթևացի վարդապետներն են (15-րդ դար)։ Ավելի ուշ՝ 18-րդ դարում, Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի հայրապետական սրբատառ կոնդակով Հայ եկեղեցու Սուրբ Պատարագի արարողության ժամանակ հիշատակվում է Մովսես Գ Տաթևացի հայրապետի (17-րդ դար) անունը: Պատմական վայրիվերումների պատճառով այս ժամանակաշրջանից ի վեր Հայ եկեղեցում նոր սուր բ չի հռչակվել:

Երկարատև ընդմիջումից հետո Հայ եկեղեցու սրբադասման հարցը պաշտոնապես օրակարգ է մտել 20-րդ դարի սկզբին` ընդգրկվելով Հայ եկեղեցում կատարվելիք բարենորոգության ծրագրում: 1923 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Սուրենյանց կաթողիկոսի օրոք ստեղծվել է «Բարեփոխումների կենտրոնական հանձնաժողովե, որը պետք է զբաղվեր նաև սրբադասման հարցերով: Հարցը քննարկվել է նաև հաջորդ կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի օրոք:

Եկեղեցու ներքին, խորհրդական կյանքի կենսականությունը վերականգնելու մտածումով 1960-ական թվականներից սրբադասման հարցը քննարկվել է երկու կարևոր շեշտադրումներով՝ վերականգնել Հայ եկեղեցու սրբադասման կարգի ավանդությունը, քննել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման հնարավորությունը:

Ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը

Սրբադասման հարցն առաջին անգամ հրապարակայնորեն արծարծվել է 1989 թվականին` Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի Հայաստան այցի ընթացքում։ Այս ընթացքում երկու կաթողիկոսները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` առաջարկելով մինչև 1990 թվականը՝ Հայոց ցեղասպանության 75-րդ տարելիցը, նախապատրաստական աշխատանքներ տանել ցեղասպանության զոհերի սրբադասումն իրականացնելու համար:

Սրբադասման կարգի վերականգնման հարցը, սակայն, գործնական փուլ թևակոխեց միայն 2005թ.-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հայրապետական տնօրինություններով ստեղծվեց Սրբադասման հանձնաժողով` հարցը հանգամանորեն ուսումնասիրելու և առաջիկա Եպիսկոպոսաց ժողովին ներկայացնելու նպատակով: 2013թ. սեպտեմբերի 24-27-ին Մայր Աթոռում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, գումարված Եպիս? ?ոպոսաց ժողովը քննարկեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հետ առնչվող խնդիրները: Քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի կապակցությամբ Եպիսկոպոսաց ժողովը որոշեց որդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը:

Իսկ 2014 թ. նոյեմբերի 11-13-ի Եպիսկոպոսաց ժողովում արդեն հաստատվեց Հայ եկեղեցու սրբադասման ծիսակարգը և շարականի կանոնը («Հրաշացան Պակուցմամբ…ե ԴԿ), ժամամուտը (Ի յիշատակի…), վկայաբանությունը և սրբապատկերի նախօրինակը, Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվեց կատարել 2015թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվեց ապրիլի 24-ը` «Յիշատակ սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեանն Հայոց վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»:

Այսպիսով` երկարատև ընդմիջումից հետո Ցեղասպանության նահատակների սրբադասման միջոցով վերականգնվում է Հայ եկեղեցու սրբադասման կարգը և շարունակական է դառնում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սրբադասման գործընթացը:

Հայ եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկան հանուն հավատքի և հայրենիքի: Եկեղեցին նահատակների զոհաբերությունը որպես հավաքականություն է ընդունում` առանց առանձնացնելու նրանց հոգևոր սխրանքը, ովքեր մեկ ընդհանրական և հավաքական անունով անանուն մարտիրոսացան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում