Գերմանիայի նախագահ. «Հայերի ցեղասպանության պարագայում մեղսակից ենք»

Գերմանիայի նախագահ. «Հայերի ցեղասպանության պարագայում մեղսակից ենք»

Բեռլինի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկը հանդես է եկել ուղերձով: Panorama.am գործակալությունը ներկայացրել է Գաուկի ուղերձի ամբողջական թարգմանությունը։ Գերմանիայի նախագահը մասնավորապես ասել է.

«Մենք այս պահին հայ ժողովրդի հետ ցավում ենք, ովքեր հարյուր տարի առաջ հարյուր հազարներով ծրագրավորված ու համակարգված կոտորածների զոհ դարձան:
Առանց որևէ տարբերության՝ կանայք և տղամարդիկ, երեխաներն ու ծերունիներն ուղղարկվեցին մահվան երթերի, առանց որևէ պաշտպանության ու սննդի, տափաստաններում ու անապատներում, հրկիզվեցին, հետապնդվեցին, սպանվեցին ու ողջակիզվեցին:

Այս ծրագրավորված ու հաշվարկված հանցագործությունը հայերի դեմ մի պատճառ ուներ. որովհետև նրանք հայեր էին:

Բացի այդ, այն հարվածեց նրանց բախտակիցներին՝ պոնտացի հույներին, ասորիներին ու արամեացիներին:

Մեր այսօրվա գիտելիքները և վերջին տասնամյակների քաղաքական ու հումանիտար սարսափներն այլևս պարզ են դարձնում. հայերի ճակատագիրը զանգվածային ոչնչացման, էթնիկական զտումների, տեղահանումների, ցեղասպանությոնների պատմության օրինակ է, որոնցով 20-րդ դարն առանձնանում է սարսափելի ձևով:

Այս ամենն իրականացվեց պատերազմի քողի ներքո: Պատերազմը նաև ծառայեցվեց որպես արարքի արդարացում: Այսպես պատահեց հայերի հետ Առաջին աշխարհամարտի տարիներին, և այսպես էր հարյուրամյակի ողջ ընթացքում և այլուր ու այսպես էր շատ ու շատ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների դեպքում:

Երբեմն նրանք ներկայացվում են որպես գործակալներ, որպես օտարերկրյա տերությունների խամաճիկներ, որպես ազգային միասնությունը խարխլողներ, որպես դասակարգային կամ ռասայական թշնամիներ, որպես մի հասարակության մի հիվանդ օրգան:

Մենք հիշում ենք զոհերի մասին, քանզի նրանք ու իրենց ճակատագիրը չպետք է մոռացության մատնվեն: Մենք նրանց հիշում ենք մեր իսկ սեփական բարօրության համար: Սա առաջին հերթին յուրաքանչյուր մարդու արժանապատվության հիշողությունն է:

Այդ արժանապատվությունը հնարավոր չէ ոչնչացնել, բայց մեղք կլինի, եթե անուշադրության մատնենք ու ոտնատակ տանք:

Մենք հիշում ենք զոհերի մասին, որպեսզի նրանք հիշատակի ևս մեկ ձայն ստանան, որպեսզի նրանց պատմությունը ներկայացվի, մի պատմություն, որ երբեք այլևս չպետք է կրկնվի:

Այո, մենք զոհերին հիշում ենք նաև հանուն մեզ: Մենք մեր մարդկային որակները կարող ենք պահպանել միայն այն դեպքում, երբ պահպանենք ոչ միայն պատմության հաղթանակների ու մեզ կերակրողների կորստի հիշողությունը, այլ նաև մեր կրած պարտությունների, կորուստների, ոչնչացրածների:

Զոհերի մասին հիշողությունը կիսատ չէր լինի, եթե չլիներ դահիճների լռությունը: Առանց դահճի չկա զոհ: Դահիճները՝ Օսմանյան կայսրության այդ օրվա կառավարիչներն ու նրանց սատարողները, ինչպես և ռասայական, էթնիկական կամ կրոնական կոտորածների ցանկացած այլ դահիճներ, վստահ էին իրենց ճշմարտացիության մեջ:

Երիտթուրքական գաղափարախոսությունը էթնիկապես միասեռ, դավանապես միասնական ազգային պետությունը համարում էր բազմաթիվ ժողովուրդների ու դավանանքների համակեցության ավանդույթը կորցրած Օսմանյան փլուզվող կայսրության փոխարինող:

Էթնիկական հիմքով տարանջատումները, էթնիկական զտումներն ու արտաքսումները 20-րդ դարի սկզբին ազգային պետությունների ձևավորման մութ կողմերն էին: Սակայն միասնության ու անարատության գաղափարախոսությունը հաճախ չեն ավարտվում մեկուսացմամբ ու դուրս մղմամբ, այլև, ի վերջո, հանգեցնում են սպանությունների: Օսմանյան կայսրությունում այն ցեղասպան դինամիկա ունեցավ, ինչին զոհ գնաց հայ ժողովուրդը:

Մենք անպետք բանավեճ ենք ծավալել, թե 100 տարի առաջ տեղի ունեցածը ճիշտ բնութագրելու համար որ տերմինն է տեղին: Միաժամանակ, սակայն, ուշադրություն ենք դարձնում այն բանի վրա, որ այդ բանավեճերը տարաձայնությունների տեղիք չեն տալիս: Ինչպես անգամ 100 տարվա հեռվից է երևում, դա մի ժողովրդի ծրագրավորված ոչնչացում էր՝ իր սարսափելի իրականությամբ, որ պետք է սգալ և սգալ: Հակառակ դեպքում մենք կկորցնենք մեր կողմնորոշիչներն ու հարգանքը մեր նկատմամբ:

Երբ մենք պատմութունը գնահատելու հարցում համաձայնության հասնենք, երբ մենք սխալն անվանենք սխալ, անգամ եթե դա մենք ենք գործել, երբ մենք միահամուռ լինենք, ապրենք մարդու և քաղաքացու իրավունքները հարգելով, այդ դեպքում միայն կհարգենք զոհերի արժանապատվությունն ու երկրի ներսում ու նրա սահմաններից դուրս համակեցության մարդկային հիմքեր կստեղծենք:

Ինչպես գիտենք, այսօր ապրողներից ոչ ոքի չեն կարող նստեցնել մեղադրյալի աթոռին: Անցյալի դահիճները կենդանի չեն, իսկ նրանց որդիներին ու թոռներին չի կարելի մեղադրանք առաջադրել: Այն, ինչին իրավացիորեն սպասում են զոհերի ժառանգները, պատմական փաստի՝ հետևաբար նաև պատմական պարտքի ճանաչումն է: Այն այսօր ապրողների, քաղաքական առաջընթացի ձգտողների պատասխանատվությունն է, նրանց, ովքեր հարգում են ու պաշտպանում են յուրաքանչյուր մարդու, ինչպես նաև փոքրամասնությունների իրավունքները:

Այնպես որ, հայերի դեպքում մենք չենք կարող այլ սկզբունք որդեգրել, համամարդկային խորը փորձն է. մենք չենք կարող մեղքի զգացումից ձերբազատվել, երբ ժխտում ենք, ճնշում ենք կամ նվազեցնում ենք այն:

Մենք Գերմանիայում ամոթալի ուշացմամբ, բայց ջանադրաբար ու մաս առ մաս սովորեցինք նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանի հանցագործությունների, առաջին հերթին Եվրոպայի հրեաների հետապնդումների ու կոտորածների դասերը: Մենք նաև իմացանք, թե ինչպես տարբերակել հանցագործների մեղքը, որն ամբողջությամբ պետք է ճանաչվի սերունդների պատասխանատվությունից համապատասխան հիշողությունից:

Այստեղ՝ Գերմանիայում, հայ ժողովրդի ջարդերի հիշատակումը խորը իմաստ ու հստակ ուղերձ ունի: Մեր շարքերում ապրում են հայեր ու թուրքեր, յուրաքանչյուրն իր սեփական պատմությամբ: Սակայն խաղաղ համակեցության համար կարևոր է, որ նրանք բոլորն անցյալն իմաստավորելիս առաջնորդվեն միևնույն լուսավոր սկզբունքներով:

Այս առումով մենք՝ գերմանացիներս, ևս պետք է իմաստավորենք, մասնավորապես, երբ խոսքը Հայոց Ցեղասպանության հարցում համատեղ պատասխանատվության կամ նույնիսկ մասնակցությանն է վերաբերում:

Եղել են գերմանացի զինծառայողներ, ովքեր ներգրավված են եղել տեղահանումների ծրագրավորման ու մասամբ նաև իրականացման գործում: Գերմանացի ականատեսների ու դիվանագետների գրագրությունները, որոնք ընդունել են հայերի դեմ գործողության կործանարար բնույթը, փոխանցվել են ու անտեսվել: Գերմանական կայսրությունը չէր կամենում վտանգի ենթարկել Օսմանյան դաշնակիցների հետ հարաբերությունները:

Ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգը, ով հատուկ ներկայացուցչի միջոցով հայերի հետապնդումների որոշակի մանրամասներ գիտեր, 1915 թվականի դեկտեմբերին հակիրճ նշել էր. «Մեր միակ նպատակը Թուրքիային մինչև պատերազմի ավարտը մեր կողմը պահելն է, անկախ այն բանից, հայերը ոչնչացվում են, թե ոչ»:

Կային սակայն գերմանացիներ, ամենից առաջ իր գործի նվիրյալ Յոհաննես Լեփսիուսը, ում հրատարակչական գործունեության շնորհիվ աշխարհն իմացավ հայերի տառապանքների մասին:

Եղել է սանիտար Արմին Թեոֆիլ Վեգները, ով լուսանկարներով վավերագրեց հայերի ճակատագիրը ու պատերազմից հետո դասախոսությունների միջոցով Գերմանիայում այդ մասին հայտնեց: Եղել է նաև ավստրիացի Ֆրանց Վերֆելը, ով իրենց դեմ ծրագրավորված կոտորածների դեմ մարտնչող հայերի մասին պատմող իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով արվեստի կոթող կերտեց: Գիրքը հրապարկվելուց հետո անմիջապես 1933 թվականին արգելվեց Գերմանիայում, սակայն Բելոստոկի ու Վիլնյուսի գետոներում հրեաները կարդացին այն, քանզի այն ցուցանում էր, թե ինչի առաջ են կանգնել հրեաները: Երկուսն էլ՝ թե քննադատները, թե հրեաները, այդպիսով ճիշտ էին հասկացել, թե ինչ գիրք է այն ու ինչի մասին է պատմում:

Երբ Ադոլֆ Հիտլերը գերմանական հրամանատարությանը 1939 թվականի օգոստոսի 22-ին Լեհաստանի վրա հարձակման իր ծրագիրն էր ներկայացնում և բացատրում՝ «առանց խղճի զգացման լեհական ծագման կամ լեհերեն խոսող տղամարդկանց, կանանց ու երեխաներին մահվան ենթարկել», հավաքական անհետաքրքրության սպասումն ավարտեց հռետորական հարցով՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերին»:

Մենք ենք խոսում: Այսօր, անգամ 100 տարի հետո, մենք խոսում ենք ու գիտենք այդ և մարդկության ու մարդկային արժանապատվության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին. Մենք դա անում ենք, հետևաբար՝ Հիտլերը սխալվում է: Մենք դա անում ենք, որովհետև ոչ մի բռնակալ, ոչ մի տիրան, որևէ այլ ոք, ով էթնիկական զտումներն օրինական է համարում, հույս չունենա, որ իր գործողությունները կանտեսվեն ու կմոռացվեն:

Այո, մենք շարունակաբար խոսում ենք ատելի գիտելիքների, անցանկալի պատասխանատվության ու անցյալի պարտքի մասին: Մենք դա անում ենք ոչ թե նրա համար, որ մեզ կապենք ճնշող անցյալի հետ, այլ որպեսզի լինենք զգոն ու ժամանակին արձագանքենք ավերումներին ու մարդկանց ու ժողովուրդներին սպառնացող սարսափներին:

Լավ է, երբ մենք հիշում ենք միասին՝ առանց դավանական ու կրոնական, լեզվական, էթնիկական ու պետական սահմանների բաժանումների: Այսօր մենք երախտապարտ ենք ամբողջ աշխարհում հիշողության ու հաշտության դրսևորումների համար: Ինձ հատկապես հաճելի են այն պահերը, երբ թուրքերի ու հայերի միջև հաշտության ու ըմբռնման հուսադրող նշաններ են հայտնվում: Ոչ ոք չպետք է ճշմարտությունից վախենա: Միայն համատեղ կարող ենք հաղթահարել այն, ինչը մեզ բաժանում էր ու բաժանում է: Միայն համատեղ կարող ենք մեզ պատկանող այս աշխարհում լավ ապագա ունենալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում