Կանադայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Կանադայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցել են հարյուրավոր քաղաքացիներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների Կանադայի հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, տարելիցի միջոցառումները Կանադայում ծրագրված են ապրիլի 19-ից մինչև 25-ը:

Օտտավայի Մարդու իրավունքների հուշարձանի մոտ կայացած միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես եկել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Օտտավայի հրեական դաշնության ռաբբի Սթիվենը, 1994 թվականին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպաանության վերապրածների հիմնադրած «Հումուրա» ասոցիացիայի նախագահը:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է տեղի ունեցել Մոնրեալի քաղաքապետարանի շենքում, որին մասնակցել են Ազգային ասամբելայի անդամներ Ֆիլիպ Կույարը, Քրիստին Սոն Պիերը, Գի Ուելեթը և այլոք: Ելույթ է ունեցել քաղաքապետ Դենիս Կոդերը:

Ապրիլի 24-ին երեկոյան ժամը 7-ին Սուրբ պատարագ կմատուցվի Մոնրեալի Սուրբ Տիրամայր և Նարեկի հայ կաթողիկե եկեղեցիներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում