Արծվիկ Մինասյանը Հայաստանի էներգետիկ համակարգի լուրջ ուսումնասիրության անհրաժեշտություն է տեսնում

Արծվիկ Մինասյանը Հայաստանի էներգետիկ համակարգի լուրջ ուսումնասիրության անհրաժեշտություն է տեսնում

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ ՀՅԴ-ն ուսումնասիրություններ է անցկացնում:

Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ավելացնելով, սակայն, որ կան հարցեր, որոնք դեռ շարունակում են օդից կախ մնալ: «Առաջինն այն է, որ մեր էներգետիկ համակարգը կարիք ունի շատ լուրջ ուսումնասիրության, անկախ փորձաքննության, որը կարող է հիմք դառնալ հետագա զարգացումների դեպքում սցենարներ մշակելու համար: Քանի որ չկա նման միասնական ամբողջական գնահատական, տարբեր հիմնավորումներ կարող են դրվել հիմքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Պատգամավորի խոսքով՝ պարզից էլ պարզ է, որ էլեկտրաէներգիայի անգամ մեկ միավոր գնի աճը լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ է ունենալու՝ սկսած քաղաքացիների կենսամակարդակի վրա բացասական ազդեցությունից, ավարտված տնտեսության վրա բացասական դրսևորումներով: «Սա ակնհայտ է, և նույնիսկ մասնագետ էլ պետք չէ լինել այս ամենը տեսնելու համար»,- նշեց Մինասյանը:

Հարցին, թե ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված ցանկացած գործողության, որը կարող է նպաստել համընդհանուր հարցերի լուծմանը, մենք կարող ենք մասնակցել: Այդ հարցն այս պահին դեռ չի քննարկվել, սակայն կարող եմ ասել, որ մենք ունենք ակտիվ երիտասարդներ, ակտիվ համակիրներ և կուսակիցներ, ովքեր կարող են իրենց դժգոհությունն արտահայտել»,- եզրափակեց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում