ԵԺԿ նախագահը գոհ է ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանի վճռականությունից

ԵԺԿ նախագահը գոհ է ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանի վճռականությունից

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ) իր գոհունակությունն է հայտնել ԵՄ-Հայաստան համագործակցությունն ամրապնդելու հարցում հայկական կողմից պատրաստակամության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԺԿ պաշտոնական կայքը, այս մասին ասել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը:

«Եվրամիությունը հետագայում էլ ուսումնասիրելու է ապագա երկկողմ համագործակցության հնարավոր շրջանակներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լավ կառավարումը, մարդու իրավունքները, կաշառակերության դեմ պայքարը, շարժունակությունը և վիզային ռեժիմի դյուրացումը»,- ընդգծել է Դոլը:

Ռիգայում մայիսի 21-ին տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին մասնակցել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Գագաթնաժողովի ավարտին ընդունվել է «Ռիգայի հռչակագիրը»:

Առաջնորդների հանդիպումը նախագահել է ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը և առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մակմստրերմը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և այլք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում