«Հայկական Ժամանակ». Գարեջուր արտադրող ընկերությունները հերքում են գարեջուրը թանկացնելու լուրը

«Հայկական Ժամանակ». Գարեջուր արտադրող ընկերությունները հերքում են գարեջուրը թանկացնելու լուրը

Գարեջուր արտադրող ընկերությունները հերքում են, որ 0,5 լիտրանոց գարեջուրը 35 դրամով թանկացնելու որոշում ունեն, մյուս կողմից էլ չեն բացառում, որ առաջիկայում կարող է թանկացում լինել: «Հայկական Ժամանակ»-ը մայիսի 21-ի համարում տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Երևան», «Կոտայք» և «Գյումրի» գարեջրի գործարանները համաձայնության են եկել իրենց արտադրած գարեջրերը 35 դրամով կամ մոտ 10 տոկոսով թանկացնելու մասին:

Երեք գործարաններից էլ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին գրեթե նույն պատասխաններն են տվել՝ նման որոշում չունենք, իսկ եթե թանկացում լինի, ապա «միայն օրենքի սահմաններում»:

«Երևան Գարեջուր» ՓԲԸ-ի մարկետինգի բաժնից թերթին հաղորդել են հետևյալը. «Ընկերության տնօրինության կողմից նման որոշում մեզ հայտնի չէ: Եթե նման որոշում լինի, ապա՝ միայն օրենքի սահմաններում»:

«Կոտայքից» նույնպես ասել են, որ այս պահին գարեջուրը թանկացնելու մասին ոչինչ հայտնի չէ:

«Գյումրի-գարեջուր» ՓԲԸ-ի փոխտնօրեն Լուսինե Սանոյանն էլ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ նախ՝ իրենց ընկերությունը որևէ այլ ընկերության հետ պայմանավորվածություններ չունի և իր որոշումները չի համաձայնեցնում: Երկրորդը՝ թանկացումների մասին այս պահին ոչինչ հայտնի չէ:

«Բայց չեմ բացառում, եթե լինի էլ՝ միայն օրենքի սահմաններում»,- նշել է Լուսինե Սանոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում